Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ Գլխավոր դատախազությունը երկու օր անցնելուց հետո անդրադարձել են փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության հետ սահմանակից Թարթառի շրջանում բնակչության եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած զանգվածային բախմանը, եւ հայտնել է, որ միջադեպի ժամանակ ոստիկանության 8 աշխատակից վիրավորվել են:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

Նշվում է, որ ոստիկանության հետ բախմանը մասնակից 6 բնակիչ ձերբակալվել են: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Թարթառի ոստիկանական բաժանմունքում «կախվել է» թմրանյութերի ապօրինի առւետրի մեջ մեղադրվող տեղի բնակիչ Սաբուհի Դունյամալիեւը, ում մեղքը չէր հաստատվել: Այդ դեպքից հետո բնակչության մեջ լուրեր են տարածվել, որ երիտասարդին կախել են խոշտանգումներից մահանալուց հետո:

 

Մոտ 100 բնակիչ հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա, ծեծի ենթարկել ոստիկաններին եւ նյութական մեծ վնաս հասցրել շենքին: Միջադեպի հետեւանքով 8 ոստիկան տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Ադրբեջանի ՆԳՆ եւ Գլխավոր դատախազության կողմից այդ առնչությամբ տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ բժշկական փորձագիտական քննությամբ Դունյամալիեւի մարմնի վրա «բռնության հետքեր չեն հայտնաբերվել»:

 

Միջադեպի հետ կապված «ծառայության նկատմամբ անփութություն» ցուցաբերած Թարթառի ոստիկանության մեկ աշխատակից հեռացվել է աշխատանքից եւ Ադրբեջանի ՆԳՆ շարքերից: