Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան 150-200 ցուցարարներ, որոնք ներկայացվում են որպես ինչ-որ «կրոնական խմբավորման» անդամներ, ակցիա են իրականացրել ի պաշտպանություն Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, երբ ոստիկանները փորձել են կանխել ակցիայի անցկացումը, ցուցարարների հետ բախում է տեղի ունեցել,ինչի ժամանակ երկու ոստիկան սպանվել է:
Ինչպես հայտնել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից, ոստիկանները մահացել են կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներից:
Մահացած ոստիկաններն են Գյանջա քաղաքի ոստիկանապետ Իլգար Բալակիշիևը և Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալ Սամեդ Աբասովը:
Յունիս Սաֆարովը հուլիսի 3-ի երեկոյան Գյանջայի քաղաքապետարանի դիմաց կրակել էր քաղաքապետի և նրա թիկնապահի ուղղությամբ, ովքեր տեղափոխվել էին հիվանդանոց:
Յունիս Սաֆարովը ձերբակալված է, գործի առթիվ հարուցվել է քրեական գործ: