Հունվարի 22-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Օրակարգում հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2015 թվականին կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Նիստին մասնակցում էին մի շարք գերատեսչությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, Մայր աթոռի, Հայաստանի եւ Արցախի դպրոցների ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ելույթ ունեցողները ներկայացրին դպրոցներում հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրենց կառույցների իրականացրած աշխատանքները: Նաեւ խոսեցին բացթողումների, թերությունների մասին՝ ներկայացնելով դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ:
Ոստիկանության կողմից անչափահասների ու երիտասարդների հետ 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, նախաձեռնություններն ու հետագա անելիքները ներկայացրեց քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:
Ամփոփելով արդյունքները՝ Սեյրան Օհանյանը եւ Վլադիմիր Գասպարյանը երիտասարդության հայրենասիրական դաստիարակության աշխատանքներում կարեւորեցին գերատեսչությունների փոխհամագործակցությունը: Առաջարկվեց ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը կհամակարգի ուսումնական հաստատություններում հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումները:
Խորհրդակցության ավարտին անչափահասների եւ երիտասարդության հետ տարվող աշխատանքներում, նրանց հայրենասիրական դաստիարակության գործում աչքի ընկած կառույցների մի շարք ներկայացուցիչներ արժանացան պարգեւների: