«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ՝ այս ընտրությունները կանցնեն մեկ փուլով: «Ինչքան էլ մյուս թեկնածուներին հնարավորություն տրվեց, բայց Սերժ Սարգսյանը ֆավորիտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Այդուհանդերձ, ըստ նրա, այս ընտրություններն իրենց բնույթով և որակով բավական տարբերվում են նախորդներից: «Ե՛վ հետաքրքրության, և՛ մնացած առումներով առաջ են»,-ասաց նա և նշեց, որ այս ընտրություններն ի տարբերություն նախորդի, որ երկու փուլով էր, այս դեպքում չորս շրջաններն իր մեջ է կրում՝ առաջադրումների շրջան, նախընտրական շրջան, քարոզչական շրջան և հետընտրական:
Նա ընդգծեց, որ քարոզչական շրջանում թեկնածուներից որևէ մեկի նկատմամբ գործող նախագահը ոչ մի բանով առավել չի լուսաբանվել, քան մյուսները:
«Հետաքրքիր է, թե ինչ հետընտրական շրջան կլինի՝ թե՛ նոր կոալիցիաների ձևավորման առումով, թե՛ նոր կադրերի տեղաշարժերի առումով»,- ասաց նա և կանխատեսեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք «իրենք իրենց դուրս են բերել քաղաքական այս գործընթացից», չի բացառվում, որ ընտրություններից հետո կակտիվանան:
«Հիմա հասարակության առաջ նրանք որոշակի ռեաբիլիտացիայի խնդիր ունեն և չի բացառվում, որ հետընտրական շրջանում որոշակի ակտիվություն ցուցաբերեն: Բայց, որ փորձելու են ակտիվանալ և բացթողումը լրացնել, դա, անպայման, փորձելու են անել»,- ասաց նա:
Ի դեպ, ըստ նրա, այս ընտրությունները ավելի շատ նշանակություն են ունենալու 2018-ին: « Եկեք չշտապենք ու տեսնեք, թե մինչև այս ինչ է լինելու: Կարծում եմ, որ նոր դեմքերի ժամանակաշրջան է լինելու»,- եզրափակեց նա: