«2 օր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին խնդրել եմ, որ ինձ ավելի ազատ կարգավիճակ տա՝ ազատելով աշխատանքից, բայց պայմանով, որ դա չի ազդելու մեր հարաբերությունների վրա։ Դեպքերը զարգանում են մեզ համար ոչ ցանկալի արագությամբ ու ուղղվածությամբ, և ես այս վիճակն այլևս չեմ կարող հանդուրժել։ Իմ հրաժարականով ոչինչ չի ավարտվում, Արցախում չկա մի ղեկավար, որի հետ աշխատած չլինեմ և անկախ նրանից՝ ես պաշտոն կզբաղեցնեմ, թե ոչ՝ Արցախն ինձ համար թիվ մեկ խնդիրն է»,-այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի դիմումին։
Նրա խոսքով՝ պաշտոնից ազատվելուց հետո ինքը կաշկանդված չի լինի և Հայաստանի մտահոգ պաշտոնյաների համար կսկսվեն դաժան օրեր։
Ըստ Իսագուլյանի՝ Հայաստան–Արցախ հարաբերություններում ավելի վատ վիճակ չի եղել, քան հիմա․ «Հայաստան–Արցախ հարաբերությունները գնալով վատթարանում են, ինչի մեղավորը ՀՀ վարչապետն է։ Դրա համար ես այդ պաշտոնում չեմ կարող գործողություններ իրականացնել։ Ո՞վ է տեսել՝ երկրի թիվ մեկ ղեկավարը երեխու նման խռովի։ Ո՞նց կարող է մայիսի 9–ին Արցախ այցելելուց հետո շփում չլինի 2 երկրների ղեկավարների միջև։ Կարող է ասեն, թե եղել է, բայց ես հո շատ լավ գիտեմ՝ ինչ է եղել։ Կամ, եթե դու հայտարարում ես՝ Արցախն անկախ է, Արցախն ինքնուրույն է, Արցախը միայն ինքը պետք է բանակցի, այդ ի՞նչ միջամտություններ են Արցախի ներսում»,– ասաց նա։
Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի դատավարությանը՝ Իսագուլյանը նշեց, որ այն մշակված սցենար էր, և այդպես կադրեր ցույց տալով ստորացնել մարդուն՝ միայն կարող էր թուրքը անել. «Ստորաբար կոմեդիա սարքեցին Մանվելի վրա։ Միլիարդներից էին խոսում. թող գտնեն, ցույց տան, եթե մեղավոր էր՝ պատժեին։ Հիմա էլ մեկն իրեն վարչապետ է հռչակում, էն մեկը՝ ՍԴ նախագահ, երկիրը սորոսականներով ու տրանսգենդերներով են լցրել»,– նշեց նա։
Նա նշեց՝ որոշել են հստակ քայլերով պայքարել անարդարությունների դեմ և «Ազգային Անվտանգություն» կուսակցությունը որոշել է ամեն ինչ անել անօրինական ռեժիմից ազատվելու համար։