2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ձևավորվել է մի իրավիճակ, որը թվացյալ անհանգիստ ու անհանդուրժող է, բայց ներքաղաքական կյանքը, կարծում եմ, հանդարտ է՝ անկախ նրանից, թե հետընտրական ինչ զարգացումներ տեղի ունեցան, որոնք կարող էին տեղի ունենալ ցանկացած պետության մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Վերջինս նշեց, որ ապրիլի 9-ի միջադեպերը, հետընտրական հանրահավաքները որոշ իմաստով կարող են ազդել ներքաղաքական կյանքի վրա, սակայն չեն կարող այն փոխել:
Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին տեղի ունեցած երդմնակալության արարողություններին, նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը լուրջ ազդեցութուն ներքաղաքական կյանքում ունենալ չի կարող:
«Ապրիլի 9-ին, ըստ էության, ժողովրդին առաջնորդելու առաջնորդությունը իր վրա վերցրեց Վլադիմիր Գասպարյանը: Ամբողջ ոստիկանական կենսագրության մեջ երկու անգամ է եղել, երբ ոստիկանությունը լուրջ ազդեցություն ունեցել քաղաքական զարգացումներին: Վլադիմիր Գասպարյանը այդ օրը եկավ ամենաթեժ պահին, կանգնեց ամենառաջին գծում ու առաջնորդեց ժողովրդին: Հենց նա փրկեց իրավիճակն ու կարողացավ ճիշտ ուղորդել հասարակությանը»,- նշեց նա:
168.am-ի հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա կատարած այցը հետնտրական զարգացումների հետ առնչություն ունե՞ր, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Ես հավատում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ դա զուտ մասնավոր այց էր ու կարծում եմ, որ որևէ լուրջ քննարկում այնտեղ լիներ չէր կարող: Դա պարզապես ինտրիգ էր՝ հաջորդած ապրիլի 9-ին, որից հետո անհասկանալի իրավիճակ էր ստեղծվել ու հասարակությանը Ազատության հրապարակ բերելու խնդիր կար»: