ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այժմ տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա քրոջ որդին' Վրեժ Զատիկյանը: Նա նշեց, որ նրա վիճակը երեկ է վատացել,թեկնածուի սենյակը պատրաստել էին, բայց չգնաց հիվանդանոց, բժիշկները եկան տուն, իսկ այսօր գնում են հիվանդանոց: Վրեժ Զատիկյանը նշեց, որ հավանաբար Հայրիկյանը կմնա հիվանդանոցում:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրան դեռ չեն բերել հիվանդանոց, վիճակը չի վատացել, պարզապես ամեն օր գալիս է ամբուլատոր օգնություն ստանալու եւ գնում է:

Նշենք, որ մարզեր կատարած երկար այցելությունները վատ են անդրադարձել Հայրիկյանի առողջական վիճակի վրա:: Իսկ այսօր նախատեսված այցելությունը Լոռիի մարզ հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում' իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ' Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել: Մահափորձից հետո' փետրվարի 1-ին, Հայրիկյանը հայտարարել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան' ընտրությւնները հետաձգելու խնդրանքով: Այնուհետեւ նա մի քանի անգամ փոխել է իր որոշումը' մեկ հայտարարելով, որ դիմելու է, մեկ' որ դեռ որոշում չի կայացրել: Փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ' երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու խնդրանքով, իսկ փետրվարի 11-ին նա ՍԴ-ից հետ է վերցրել իր դիմումը: Նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am