Եվ այսպես ԵԽԽՎ-ն հակահայկական երկու զեկույցներից ընդունեց մեկը, բայց, այնուամենայնիվ, ընդունեց: Հետևաբար, ես սա չէի համարի հաջողություն հայկական կողմի համար: Այստեղ ԵԽԽՎ-ն ավելի շուտ գործի դրեց «ոչ մեկին, ոչ էլ մյուսին» սկզբունքը, ընտրեց միջին տարբերակ: Այնինչ, բավականաչափ աշխատանք պետք է որ տարված լիներ, որպեսզի նախ զեկույցներն ընդհանրապես չքննարկվեին, քննարկվելու դեպքում էլ՝ չընդունվեին: Հիմա, իհարկե, չենք կարող նաև ասել, թե Հայաստանի ԵԽԽՎ պատվիրակությունը ոչ մի աշխատանք չի արել: Անշուշտ արել է, այլ հարց է, որ այդ աշխատանքը չի տվել ցանկալի արդյունավետություն: Չէ՞ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ իրենց հերթին ԵԽԽՎ-ին կոչ էին արել չընդունել հակահայկական բանաձևերը, իսկ Մինսկի խմբի համախագահների կարծիքի հեղինակավոր լինելը, կարծում եմ, բոլորս էլ գիտակցում ենք և, անշուշտ, այդ կոչն էլ իր ոչ պակաս դերն է խաղացել: Այդքանով հանդերձ, արդյունքում բանաձևերից մեկը ընդունվեց, չնայած ես մեր պատվիրակությունից շատ ավելին էի ակնկալում՝ մանավանդ հաշվի առնելով, որ մեր պատվիրակությունն այս հարցում, կարելի է ասել, ուներ Մինսկի խմբի համանախագահների բացահայտ աջակցությունը:
Եթե մի կառույցի աշխատանքը չի տալիս անհրաժեշտ արդյունավետություն (խոսքս մեր ԵԽԽՎ պատվիրակության մասին է), դա, իմ կարծիքով, հայկական կողմին առնվազն պետք է մտածելու տեղիք տա՝ կամ պատվիրակության կազմում ինչ-որ փոփոխություններ անել, կամ էլ գոնե փոփոխություններ անել աշխատելաոճի մեջ: Վերջիվերջո յուրաքանչյուր կառույց նախ և առաջ պետք է ձգտի անհրաժեշտ արդյունավետություն ապահովել և անթերի կատարել իր առջև դրված խնդիրները, նաև ընդունել սեփական թերությունները և պատրաստ լինել որոշ բաներ փոխելու, չէ՞ որ խոսքը մեր պետության, բոլորիս շահերի մասին է:
Կարեն Վարդանյան