Պաշտոնական Երևանն առ այսօր չի արձագանքել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի՝ օրեր առաջ «Միր 24» հեռուստաընկերության եթերում արած հայտարարությանը, որում նա ասում էր, թե Տաջիկստանում ու Ղրղզստանում, նաև Հայաստանում՝ ռուսական ռազմակայանները պատրաստ են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունների:
Լավրովը, ըստ էության, թիրախավորել է Հայաստանը՝ ռուսական ռազմակայանը հայտարարելով ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրաստ: Այսինքն՝ նա հայտարարել է, որ այդ ռազմակայանը այս կամ այն կերպ կարող է հարված հասցնել, գործողություն իրականացնել ԻԼԻՊ-ի դեմ: Այլ հարց է, թե ինչպես, որ ուղղությամբ և այլն: Սակայն մեսիջը հստակ է: Լավրովի հայտարարությունը ստիպում է ևս մեկ անգամ մտածել, թե որքանով է ռուսական ռազմաբազան ՀՀ անվտանգությանը նպաստում: Որպես երկիր, որը գտնվում է անմիջապես Մերձավոր Արևելքի սահմանին և ունի գործող հակամարտություն իսլամադավան պետության հետ, Հայաստանն առանձնահատուկ շահագրգռված չէ իր վրա «Իսլամական պետության» կողմից ավելորդ ուշադրություն գրավելու հարցում:
Ռուսաստանը ստեղծել է անվտանգության ինտեգրված գոտի, որը Ղրիմից Սև ծովի միջով ձգվում է մինչև Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա և դեպի ներքև՝ Սիրիա: Սա ռազմաօդային և ռազմածովային ուժերի պաշտպանության մի բարդ համակարգ է: Օրինակ՝ Սև ծովի տարածաշրջանում Ռուսաստանը կառուցում է սպառազինությունների համակարգեր՝ դիրքերի պահպանման և քաղաքական ահաբեկումների նպատակով: Այս զարգացումներն ավելի են դժվարացնում ՆԱՏՕ-ի օդուժի ներկայությունը Սև ծովում և Կովկաս մտնելը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն այդ համակարգի շնորհիվ շրջափակում է Թուրքիան հյուսիսից, արևելքից և հարավից: Ցանկացած ձևաչափով, Հայաստանի ներգրավումը Սիրիայում ընթացող գործընթացներին, ծայրաստիճան վտանգավոր զարգացում է, որը վստահաբար չեն ողջունի տարածաշրջանի մյուս երկրները:
Հայաստանի լռությունը նշանակում է մեկ բան՝ մենք չունենք մանևրելու հնարավորություն՝ ստեղծված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների շրջանակներում: Ռուսաստանի այս քայլը կարելի է դիտարկել նաև զուտ քաղաքական՝ քանզի դժվար է պատկերացնել, որ Սիրիայում Ռուսաստանը մեզ նման պետության օգնության կարիքն է զգում: Մոսկվան հստակ ուղերձ է հղում Երևանին, ընդ որում՝ այդ ուղերձն անմիջականորեն վերաբերվում է Արցախի հիմանահարցի կարգավորմանը: Մոսկվան այս գործընթացում պրո-հայկական դիրքորոշում որդեգրելու դիմաց մեզնից «զոհաբերություններ» է ակնկալում: Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ հայկական կողմի լռությունն այս պահին ավելի քան ձեռնտու է Մոսկվային, քանի որ այդ դեպքում կկարողանա չեզոք դիրքորոշում որդեգրել ղարաբաղյան հակամարտությունում և ստիպված չի լինի ակնհայտորեն պաշտպանել իր ռազմավարական դաշնակցի՝ այսինքն՝ մեր շահերը:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ