Խորհրդարանը հաստատեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգի մասին Ազգային ժողովի որոշումը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշման նախագիծը քվեարկության դնելուց առաջ պատգամավորներին հայտնեց, որ նախագծի համաձայն՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը կազմված կլինի 12 անդամից, որոնցից 6-ը կլինեն ՀՀԿ խմբակցության, 2-ը՝ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներ, իսկ մնացած խմբակցությունները հանձնաժողովում կունենան մեկական ներկայացուցիչ: Որոշման նախագծին կողմ քվեարկեց 85, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 13 պատգամավոր:

 

Այնուհետև առաջարկով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա առաջարկեց քվեարկության դնել որոշման նախագիծ, ըստ որի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցություն կունենա 2 ներկայացուցիչ: ԱԺ նախագահը քվեարկության դրեց նաև Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որին կողմ քվեարկեց 25, դեմ՝ 49, ձեռնպահ՝ 12 պատգամավոր:

 

Այնուհետև ԱԺ նախագահը խմբակցություններին կոչ արեց օրվա ընթացքում գրավոր ներկայացնել հաշվիչ հանձնաժողովի անդամի իրենց թեկնածուներին: