Փետրվարի 15-ին, ժամը 06.46-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Մրգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Մերսեդես Ե» մակնիշի 06 VV 707 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա. 1983 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով Վ. Ա.-ը տեղում զոհվել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վ. Ավետիսյանը աշխատում էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում՝ որպես հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ, կոչումով արդարադատության մայոր էր, ով նվիրված էր իր աշխատանքին և երիտասարդ տարիքին համարվում էր իր գործի պրոֆեսիոնալ, ում շնորհիվ Արարատի մարզում բացահայտվել են մի քանի աղմկահարույց հանցագործություններ: