Մոսկվան անհանգստացած է Թուրքիայի կողմից սիրիական տարածքի ռմբահարումներով, և դրանք գնահատում է որպես ահաբեկչության բացահայտ աջակցություն ու ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի խախտում: Այս մասին ասվում է երկուշաբթի օրը՝ փետրվարի 15-ին ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Թուրքական կողմը շարունակում է նպաստել Սիրիայի տարածք ջիհադիստների թարմ խմբերի և զինված վարձկանների ապօրինի ներխուժմանը՝ որպես «Ջաբհադ ան-Նուսրայի», «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների համալրում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը նշել է, որ սահմանից Թուրքիա են տեղափոխվում վիրավորված գրոհայինները: