Մոսկվան առարկություններ չունի Եվրամիությանն Ուկրաինայի ասոցացված անդամակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրման դեմ: Այդ մասին հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Մենք ոչ մի առարկություն չունենք այն առումով, ինչը վերաբերում է ԵՄ-ի հետ ասոցացման այդ գործընթացին: Մենք չենք կարող որևէ մեկին արգելել' զարգացնելու տնտեսական համագործակցությունը միջազգային կառույցների հետ»,- ասել է ՌԴ-ի նախարարը' մամուլի ասուլիսում ամփոփելով Գերմանիայի և Լեհաստանի իր պաշտոնակիցների՝ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի և Ռադոսլավ Սիկորսկու հետ կայացած բանակցությունների արդյունքները:

 

Բացի այդ, Լավրովը հայտնել է, որ Մոսկվան Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ չի սահմանի ԵՄ-ին Կիևի ասոցացված անդամակցության դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: