8-ամյա կրթությամբ, ոչ մի տեղ չաշխատող, սեփական բնակության վայր չունեցող, նախկինում երկու անգամ դատապարտված, երեւանցի 29-ամյա Էդուարդ Մալինցյանին հաջողվել էր պատահական զանգի միջոցով ծանոթացած գյումրեցի Քրիստինե Միքայելյանից 2011թ-ի հունվարից մինչեւ հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, գոյություն չունեցող հորեղբոր պարտքը վերադարձնելու, դատավորին կաշառք տալու միջոցով կալանավայրից ազատվելու պատրվակով եւ այլ մտացածին պատճառաբանություններով ստանալ 1մլն 68 հազար 500 կանխիկ դրամ եւ 1 մլն 138 հազար դրամի ոսկյա զարդեր, 40 հազար դրամ արժողությամբ Nokia տեսակի բջջային հեռախոս՝ պատճառելով վերջինիս խոշոր չափի՝ 2 մլն 246 հազար 500 դրամի նյութական վնաս:
Այնուհետեւ, 2011թ-ի հոկտեմբերի 19-ին եւ 2012թ-ի ապրիլի 4-ին Է. Մալինցյանը զանգահարել է Ք. Միքայելյանին, նրան եւ վերջինիս մանկահասակ որդու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ շորթման եղանակով պահանջել եւ կրկին ստացել է 615 հազար դրամի ոսկյա զարդեր եւ 39 հազար կանխիկ գումար՝ պատճառելով 654 հազար դրամի վնաս: Էդուրադ Մալինցյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 182 հոդվածի 2-րդ մասի, 3.1-րդ կետերով:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2012թ.-ի նոյեմբերի 20-ից ընթացող Քրիստինե Միքայելյանն ընդդեմ Էդուրադ Մալինցյանի դատավարությունն ավարտվեց: Իր մեղադրական ճառում դատախազ Միրզոյանն ապացուցված համարեց ամբաստանյալի մեղքը: Մեղադրողի համոզմամբ, Էդուարդը կատարել էր հանրության համար վտանգավոր արարք: Հիշյալ հանցագործությունը ծրագրելիս ու իրականացնելու ընթացքում երիտասարդը գտնվել էր «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, որտեղ 2006թ.-ին կատարած կողոպուտի համար սահմանված պատիժն էր կրում: Մեղադրող Միրզոյանը միջնորդեց դատարանին ամբաստանյալին դատապարտել ազատազրկման 6,5 տարի ժամկետով:
Ամբաստանյալի փաստաբան, հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանի համոզմամբ, իր վստահորդն ամենեւին էլ չէր չարաշահել աղջկա վստահությունը: Քրիստինեի ուղարկած 500 դոլարը պարտքով չի տրվել իր վստահորդին, իսկ մնացած գումարները, բացի վերջին 39 հազար դրամից, որ Էդուարդն անձամբ ինքն էր ստացել տաքսու վարորդից, վկաների ցուցմունքներով եւս չի հաստատվել:
«Գործում ներգրավված բոլոր վկաներն էլ հիմնականում չեն իմացել, թե ինչ պարունակություն է ունեցել իրենց հանձնված ծրարները, կամ թե կոնկրետ ով է եղել հասցեատերը կամ ինչ նպատակով են ուղարկվել դրանք»,-նշեց փաստաբանը:
Արամայիս Հայրապետյանը նկատեց, որ դատարանում ամեն դեպքում չապացուցվեց այն փաստը, որ իր վստահորդը սպառնացել է տուժողին եւ այդ միջոցով գումար ու ոսկեղեն շորթել: Ամբաստանյալն ինքն էլ մեղքը չէր ընդունել, եւ փաստաբանը միջնորդեց դատարանին ազատ արձակել Էդուարդ Մալինցյանին՝ հանցակազմի բացակայության պատճառով: Վերջին խոսքից ամբաստանյալը հրաժարվեց, միայն ասաց, որ միանում է իր պաշտպանին:
Դատավոր Մարտին Սարոյանը նույն օրը հրապարակեց վճիռը: Դատարանն ապացուցված համարեց ամբաստանյալ Էդուարդ Մալինցյանի մեղքը: Վերջինս դատապարտվեց ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագանձման:
Դատարանը բավարարեց նաեւ տուժողներ Զիանիդա Մարգարյանին 1500 դոլար եւ Քրիստինե Միքայելյանին 2 մլն 345 հազար 500 դրամ պատճառված վնասը փոխհատուցելու վերաբերյալ քաղհայցը: Դատավարության ավարտին փաստաբան Արամայիս Հայրապետյանը տեղեկացրեց, որ իր վստահորդը համաձայն չէ հրապարակված վճռի հետ եւ այն բողոքարկելու է վերաքննիչ դատարան: