Ազգային ժողովը փետրվարի 23-ի նիստում կընտրի Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանին: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ներկայացրել է Արման Թաթոյանի թեկնածությունը:

 

Փետրվարի 22-ի նիստում Արման Թաթոյանը ներկայացրեց իր տեսլականը և անելիքները մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում, այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին: Փետրվարի 23-ին մտքերի փոխանակության ավարտից հետո պատգամավորները փակ քվեարկությամբ կընտրեն մարդու իրավունքների նոր պաշտպանին:

 

Համաձայն բարեփոխված Սահմանադրության՝ մարդու իրավունքների պաշտպանին խորհրդարանը կընտրի պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5 հարաբերակցությամբ: Սա նշանակում է, որ Արման Թաթոյանը ՄԻՊ-ի պաշտոնում կընտրվի 79 ձայն հավաքելու դեպքում:

 

Քանի որ Արման Թաթոյանի թեկնածությունը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել էր իշխող Հանրապետական խմբակցությունը, սպասվում է, որ խմբակցության բոլոր պատգամավորները կողմ կքվեարկեն նրա թեկնածությանը: ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ներգրավված է 70 պատգամավոր: Արման Թաթոյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին պաշտոնապես հայտարարել է նաև ՀՅԴ խմբակցությունը, ինչը նշանակում է, որ նա լրացուցիչ ևս 5 ձայն կունենա:

 

ՀԱԿ խմբակցությունը հայտարարել է, որ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկությանը չի մասնակցելու: Չնայած դրան՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փետրվարի 22-ի նիստում հայտարարեց, որ մասնակցելու է քվեարկությանը և կողմ է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը: «Ժառանգություն» խմբակցության մյուս պատգամավորները՝ Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը և Ռուբիկ Հակոբյանը հստակ դիրքորոշում չեն ներկայացրել և, հավանաբար, իրենց տեսակետը կհայտնեն քվեարկությունից առաջ:

 

ՕԵԿ խմբակցությունը ևս հայտարարել է Արման Թաթոյանի թեկնածությանը դեմ քվեարկելու մասին, իսկ ԲՀԿ-ն ընտրության կմասնակցի ազատ քվեարկության սկզբունքով: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրը կքվեարկի իր խղճի մտոք, իսկ ինքն ընդհանրապես չի մասնակցի քվեարկությանը:

 

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Արման Թաթոյանը կկարողանա հավաքել անհրաժեշտ 79 ձայնը և կընտրվի մարդու իրավունքների պաշտոնում: Իսկ եթե, այնուամենայնիվ, նրան չհաջողվի հավաքել անհրաժեշտ ձայները, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է խորհրդարանին ներկայացնի ՄԻՊ-ի նոր թեկնածու: