Նոր Սահմանադրությամբ Հայաստանը հայտնվեց մի նոր իրականության մեջ, որի շուրջ հնչող գնահատականները, եթե անկեղծորեն դիտարկելու լինենք, տարբեր են՝ ամենահոռետեսականից մինչև բացահայտ ուտոպիստական: Ինչպես արդեն իսկ կռահեցիք, վերջինը հատկապես պոպուլյար է իշխանական թևը ներկայացնող գործիչների շրջանում, ուր սպասումները, կարելի է ասել, առավել քան ռոմանտիկ են. հավանաբար, կարծում են, թե նոր պայմաններում համապատասխան ընտրակեղծիքներ կատարելը ևս առանձնապես իրենից դժվարություն չի ներկայացնելու:
Ինչ վերաբերում է Հայաստանում Ընտրական նոր օրենսգրքի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, որոնք էլ, խոշոր հաշվով, պայմանավորելու են երկրում ապագայում ընթանալիք ընտրությունների ու քվեարկությունների ընթացքն ու բնույթը, ապա սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ գործընթացներին միանշանակ գնահատականներ տալ ևս չի կարելի. խորհրդարանում և ոչ միայն տեղի են ունենում ինչ-որ ստվերային գործընթացներ, որոնք փաստում են, որ ինչ-որ մի բան այստեղ այն չէ, և իշխանությունները, հավատարիմ տարիներով կարծրացած իրենց գործելաոճին՝ բոլորից գաղտնի պրոցեսներ են նախաձեռնել, որոնք կարող են նույնիսկ վտանգավոր լինել Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման համար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով ամենից շատն է աչքի ընկնում՝ այս թեմաների հետ կապված, իր հարցազրույցներում հաճախ արտահայտում է համոզմունք, որ նոր Ընտրական օրենսդրությունը միանգամայն նոր մակարդակի է հասցնելու մեր երկրում ընտրական կուլտուրան, ինչը, համաձայնե՛ք, մեղմ ասած, խիստ անիրատեսական է հնչում:
Հետաքրքիր է՝ ի՞նչ կպատասխանի Բաղդասարյանն այն պատգամավորներին, որոնք բողոքում են, օրինակ, այն բանից, որ իշխանություններն, առանց լայն քննարկման, Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն իսկ ուղարկել են Վենետիկի հանձնաժողովին: Հետաքրքիր է՝ Վահրամ Բաղդասարյանի անձնական նախաձեռնությա՞մբ է տեղի ունենում այս ամենը, թե՞, այնուամենայնիվ, նրա թափն ու ներկուսակցական հեղինակությունը թույլ չէին տա նման գլոբալ հարցում վճռորոշ դերակատարություն ունենալ…
Այն, որ նման հարցերում ավելորդ խորհրդավորություն ներմուծելն առանձնապես գովելի երևույթ չէ, ընդունում են նաև եվրոպացիները. նույն ԵԱՀԿ ներկայացուցիչների կարծիքով՝ հարցին նման մոտեցումն անթույլատրելի է. ընտրական օրենսգիրքը պետք է բաց քննարկվի, որպեսզի հնարավորինս կոնսենսունսային տարբերակով ընդունվի:
Բացի այս ամենը՝ պարզվում է, որ նոր Ընտրական օրենսդրությամբ նախատեսվում է համակարգ ներմուծել «ռեյտինգային» կոչվող ընտրական սիստեմը, երբ համամասնական ընտրակարգում ընտրողը քվեարկելու է նաև կուսակցական ցուցակների կոնկրետ անձանց օգտին: Թե ինչ է սա նշանակում, այնքան էլ պարզ չէ, քանի որ ո՛չ քաղաքական ուժերին, ո՛չ էլ, առավել ևս, հանրությանը, «մարդավարի» չեն բացատրել, թե նորը հնից ինչով է տարբերվելու:
Ակնհայտ է,որ «պղտոր ջրում ձուկ որսալու» իշխանական «բարի» ավանդույթները մոռացության չեն մատնվելու նաև նոր Ընտրական օրենսդրության պայմաններում: Փաստացի տեղի է ունենալու ձևի փոփոխություն, բայց ոչ երբեք՝ բովանդակության: Այնպես որ ՀՀ-ում նորմալ ընտրություններ անցկացնելու տեսլականն այդպես էլ մնալու է անիրագործելի, ու շարունակելու ենք ապրել մի պետության մեջ, ուր հասարակ ընտրություն անցկացնելն իսկ էկզոտիկ մի բան է լինելու, անիրագործելի երազանք:
Դավիթ Բաբանով