Մինչ Հայաստանն ու հայ ժողովուրդը գոյապայքար է մղում՝ արևի տակ սեփական տեղն ամրապնդելու ու աշխարհին ապացուցելու, թե ով է իրականում Անդրկովկասում մթնոլորտ ձևավորողը, ոմանք, պարզվում է, չեն դադարում հավատարիմ մնալ «պղտոր ջրում ձուկ որսալու» արատավոր սկզբունքին, ու քանի դեռ հերոսները զբաղված են հայրենիք պահելով, որոշները սկսել են սեփական PR-ն անել՝ այս անգամ, սակայն, գործի դնելով շատ ավելի կեղտոտ ու հայրենադավ մեխանիզմներ:
Մասնավորապես՝ պարզվում է՝ հիմա էլ որոշել են պարարտանալ ի հաշիվ գեներալ Մանվել Գրիգորյանի, ով, ինչպես գիտեք, հանդիսանում է հայոց ներկայիս պետականության, բանակաշինության հիմնասյուներից մեկը, ում ավանդը՝ հատկապես արցախյան առաջին պատերազմում մեր ունեցած հաղթանակում, պարզապես աննկարագրելի է:
Պարզվում է՝ սկսել են հերյուրանքներ տարածել, թե իբր գեներալը կոպտել է ինչ-որ զինվորի: Թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել և կամ, առհասարակ, տեղի՞ է ունեցել նման բան, թե՞ ոչ, դեռևս մեծ հարցականի տակ է՝ իհարկե, բայց այն, որ չեղած հարցի շուրջ բարձրացրած այսչափ աղմուկը որևիցե լավ բանի մասին չի կարող վկայել ու հաստատ նշանն է այն բանի, որ գեներալ Մանվելը ոմանց սրտով չէ այլևս, անհերքելի է. ցանկացածը, ով օժտված է բանականությամբ, կարող է նկատել սա:
Թե հատկապես ում «հավին է քշա ասել» Մանվել Գրիգորյանն, այդպես էլ մնում է անհասկանալի, քանի որ հայտնի է՝ այս մարդը քառօրյա պատերազմից սկսած գտնվում է առաջնագծում ու փորձում է անել իրենից կախված ամեն ինչ՝ ամրապնդելու մեր ուժերն այնտեղ ու տալու է՛լ ավելի կազմակերպված բնույթ առաջնագծում տեղակայված մեր զինված ուժերին, ասել կուզի՝ մինչ մարդը պատերազմում է՝ ռիսկի ենթարկելով իր ու իր հարազատների կյանքը, որոշներ, կորցրած պատիվ ու արժանապատվություն, փաստացի զբաղված են հայոց բանակի վարկաբեկմամբ՝ հստակ հասկանալով, այնուամենայնիվ, թե ինչպիսի անդառնալի հետևանքներով կարող է հղի լինել իրենց՝ միայն չարչիներին հատուկ վարքը:
Սակայն որքան էլ ցավալի լինի ենթադրելը, ամենևին էլ չի բացառվում և այն, որ Մանվել Գրիգորյանի դեմ հյուսված դավադրության արմատները շատ ավելի խորը կարող են լինեն, քան կարելի է կարծել առաջին հայացքից: Ակամա մտածում ես՝ իսկ ի՞նչ, եթե այս ամենի պատճառն այն է, որ ոմանց ներկա պահին ձեռնտու չէ գեներալի պես հզոր անհատականության՝ ասպարեզում լինելն, ու ոմանք, չբախվելու համար նրա բուռն դիմադրությանը՝ կապված արցախյան հարցում հնարավոր զիջումների հետ, փորձում են ժողովրդի շրջանում վարկաբեկել հերոսի անունը, ու թուլացնելով հասարակության հայրենասիրական ոգին՝ ապագայի համար հող նախապատրաստել՝ բեղավորի «դուդուկի տակ պարելու» համար…
Համաձայնե՛ք՝ պատերազմող երկրում ընկնել մեկի հետևից, ով կարող է հարյուր հազարներին իր հետևից առաջնորդել դեպի մարտի դաշտ, նման է կատարյալ դավադրության՝ ընդդեմ սեփական ժողովրդի մի ժամանակահատվածում, որը, առանց չափազանցությունների, վճռորոշ է դարձել ողջ հայ ժողովրդի ճակատագրում: Թե ում է ձեռնտու նման դավեր հյուսելն ու կոտրել հասարակության հայրենասիրական ոգին, կանդրադառնանք, թերևս, հետագայում, բայց այն, որ մեզանում տեղի են ունենում հստակ գործընթացներ, որոնք որևիցե լավ բանի մասին չեն վկայում, այլևս դառնում է անհերքելի, ինչը, վստահ ենք, պետք է ոչ միայն արժանանա հասարակության առողջ մասի բուռն հակազդեցությանը, այլև պետք է ձեռնարկվեն կանխարգելիչ քայլեր՝ խուսափելու պատմությունից մեզ հայտնի ողբերգական իրադարձությունների կրկնությունից… Նման բաները, պարզապես, աններելի են:
Դավիթ Բաբանով