Անշո՛ւշտ, նկատած կլինեք, որ վերջին մի քանի օրերին չի դադարում քննարկման առարկա լինել այն հարցը, թե որքանով է ԽՍՀՄ մարշալ, բազում մեդալների ու պատվոգրերի, շնորհակալագրերի արժանացած ու համաշխարհային ֆաշիզմի կործանման գործում իր անուրանալի ներդրումն ունեցած Համազասպ Բաբաջանյանի` Երևանում օրերս տեղադրված արձանը համապատասխանում այն գաղափարական տենդենցներին, որ վերջին տարիների ընթացքում իրենց դրսևորումն են գտել նորանկախ Հայաստանի Հանրապետությունում:



Ոմանք այն կարծիքին են, թե այն այնքան էլ չի համապատասխանում Բաբաջանյանի կերպարին, ոմանք ողջունում են աթոռին նստած մարշալի կերպարը, ոմանք էլ այն իրավամբ համարում են հայերիս' ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կատարյալ մարմնավորում:

 

 

Պարզվում է, սակայն, որ կարծիք հայտնողների, խնդրով մտահոգվածների շարքերում կան նաև անպիսիք, որոնք, ըստ էության, օգտվելով առիթից, օգտվելով այն հանգամանքից, որ միգուցե արձանն այդ ամենևին էլ չի համապատասխանում բարձրագույն եվրոպական մշակույթի ստանդարտներին, փորձում են, իրենց վաղեմի սովորության համաձայն, «պղտոր ջրում ձուկ որսալ» ու վարկաբեկել հայ ազգի վաստակաշատ հերոսներից մեկի' մարշալ Բաբաջանյանի բարի համբավը' նրան հասարկության' բանից անտեղյակ ու գաղափարապես խոցելի հատվածի աչքերում ներկայացնելով որպես ստալինահպատակ կամազուրկ մեկը, ով, չնայած Բեռլին մտնողների առաջին շարքրում էր, սակայն իբր կամազուրկ ու սկզբունքներ չունեցող մարդու պես է հետագայում իրեն դրսևորել ու, բա չեք ասի, խարհրդային իշխանությունների դեմ չի ապստամբել:
Եթե անկեղծ,ապա նմանները բացի նողկանքից ու արգահատանքից ոչնչի արժանի չեն:

 

 

Մերօրյա լիբերալիստները, որոնց կյանքի միակ նպատակն է դարձել օտարերկրյա հատուկ ծառայություններին անգնահատելի ծառայություններ մատուցելը, փաստացի լծվել են հայ ժողովրդի փառահեղ զավակի պախարակման պիղծ գործին ու ձևանալով կեղծ մարդասերներ ու ինչ-որ հունգարացիների իրավունքների պաշտպաններ' օրնիբուն զլմ-ներում մարդու անձը փնովող ու դատափետող պրոպագանդա են տանում. կխնդրեինք ուշադրություն դարձնել նաև այն ոչ երկրորդական նշանակություն ունեցող հանգամանքին, որ այս ամենը տեղի է ունենում արցախյան քառօրյա պատերազմից մի քանի տասնօրյակ անց, ինչը, մեղմ ասած, չի կարող հիմնավոր կասկածներ չառաջացնել առ այն, որ մենք, իրավամբ, շրջապատված են թուրքական հատուկ ծառայությունների շահերն այստեղ սպասարկողներով, որոնք շատ կոնկրետ գործ են անում` հասարակությանը թունավոում են սեփական իսկ արժեքների դեմ`փոխարինելու դրանք կեղծ արժեհամակարգով:



Լա՛վ, եթե մի ողջ ԽՍՀՄ մարշալի են այսպես անում այդ տարրերը,ապա ինչպես կվարվեն դրանք,եթե իհարկե ձեռքները ճար լինի, ասենք նույն արցախյան պատերազմում հաղթած ու հաղթանակն այդ կերտած գեներալների հետ. կասկած չկա, որ առաջին իսկ հնարավորության դեպքում մեր փառահեղ հերոսներին կմեղադրեն ասենք ազերիների իրավունքները ոտնահարելու ու դրանք անհրաժեշտ ճափով չհարգելու մեջ' միակ ու եզակի նպատակ ունենալով հայ ժողովրդի ու պետականության անկումը. ի դեպ` նմանօրինակ դեպքերից մեկն էլ, արդարև, կարելի է համարել գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ վերջերս արհեստականորեն բարձրացրած աղմուկը, երբ որոշներ փորձում էին վարկաբեկել մեկին, ում եղունգի ծայրը չարժեն ու բացի օդը պղտորելուց այլ բանի ընդունակ չեն…



Անհերքելի ճշմարտություն է` այն ազգը, որը ընդունակ է` սեփական հերոսների դեմ ելնելու, նրանց վաստակն ուրանալու, գոյության իրավունք չի կարող ունենալ ու չունի: Եթե մենք մեզ մարդ ենք համարում ու նույնսիկ առաջադեմ ազգ, ապա հասարակության շարքերից պետք է լիովին արմատախիլ արվեն այն անբարեհույս տարրերը, որոնք վերածվել են ոմանց ձեռքին գործիքի, որ օրնիբուն իրենց ճղճիմ գոյությունը փորձում են արժևորել փառահեղ մարդկանց բարի անվան ու վաստակի հաշվին. երևույթ, որը, համաձայնե՛ք, պետք է դատապարտվի պետական ամենաբարձր մակարդակով ու օրենքի ողջ խստությամբ:



 Դավիթ Բաբանով