Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանը մարտի 1-ից մինչև հուլիսի 1-ն ինքնաթիռների սպասարկման հատուկ ժամանակավոր գրաֆիկ է սահմանում, որի ընթացքում չեն իրականացվելու ցերեկային չվերթեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես ասված է օդանավակայանի վարչակազմի հաղորդագրության մեջ, ցերեկային չվերթերի դադարեցման պատճառը թռիչքավայրէջքային գոտու վերակառուցման աշխատանքներն են, ինչի պատճառով ցերեկային չվերթերը կիրականացվեն գիշերային ժամերին:

 

«Ժամանակացույցի համաձայն՝ օդանավակայանը բոլոր ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի համար փակ կլինի մարտի 1-ից մինչև 27-ը ժամը 09:30-ից մինչև 15:00-ն, մարտի 27-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ներկայումս Թբիլիսի չվերթեր է կատարում 30 ավիաընկերություն, հաղորդել է «Ինտերֆաքսը»: