Ամերիկացի գրող և հետազոտող Մայքլ Քոլինսը, վերլուծելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի նկատմամբ վարած քաղաքականությունը, սիրիացի քրդերի Ժողովրդական պաշտպանության ուժերի (YPG) հետ նրա դիմակայությունը և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահին մարտահրավեր նետած Էրդողանի օրերը հաշված են:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, OpEdNews.com կայքում հրապարակած հոդվածում Քոլինսը գրում է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ հաջողությամբ կռվող և ԱՄՆի կողմից աջակցվող YPG-ի դեմ թուրքական կառավարության գործողությունները որևէ առնչություն չունեն ահաբեկչության հետ, այլ կապված են «վերին աստիճանի այլասերված Էրդողանի, նրա ընտանիքի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) մեջ նրա ընկերների» հետ:

 

 

«Էրդողանի և նրա ընկերների միակ վախը ձերբակալվելն է»,- նշել է նա:

 

 

Քոլինսը գտնում է, որ բանտում հայտնվելուց ավելի շատ Էրդողանը վախենում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից:

 

 

«Էրդողանն աշխատում է Օբամայի համար և նրան կարող է հեռացնել միայն Օբաման: Թուրքիան Սիրիայի կառավարությանը տապալելու համար ջիհադականներին աջակցող ՆԱՏՕ-ի մի մասն է, իսկ ավելի ճիշտ' Սպիտակ տան կամավոր սպասավորը»,- գրում է նա:

 

 

Նրա խոսքով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռացնելու քաղաքականությունն անհաջողության է մատնվել, և Արևմուտքը լռելյայն աշխատում է հետ քաշվել, իսկ Օբամայի դեմ դիրքորոշում որդեգրած Էրդողանը մեծ ռիսկ է վերցրել:

 

 

«Սիրիայում 250 հազար մարդու կյանք խլած, միլիոնավոր մարդկանց փախստական դարձրած, բոլոր փոքրամասնություններին կոտորող ջիհադականներին իր հզոր աջակցությամբ և կեղտոտ համագործակցությամբ ԱՄՆ-ի հետ չհամագործակցող և Օբամային ծիծաղելի կերպով մարտահրավեր նետող Թուրքիան հայտնվել է մեծ ռիսկի առջև»,- համոզմունք է հայտնում նա՝ հավելելով, որ նման իրավիճակում Էրդողանը լուրջ պատասխանատվություն կկրի:

 

 

«Իսկ դա նշանակում է, որ Էրդողանի օրերն այդ վարչակազմում արդեն հաշվված են»,- ամփոփում է ամերիկացի հետազոտողը: