«Օրերս Ռուսաստանի Դաշնության ազդեցիկ պաշտոնյաներից մեկը, որը քաջատեղյակ է Հայաստանյան անցուդարձից, ասել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր պաշտոնին հրաժեշտ կտա մինչև 2014 թվականը:
Ընդ որում սրա համար կան բազմաթիվ հիմնավոր պատճառներ, սակայն ամենակարևորներից նշենք երեքը միայն: ՄՄ անդամակցության հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանի ունեցած դիրքորոշումն է. վերջինս հայտնի արեւմտամետ է, եւ դա հասկանում են նաեւ ռուսները»,-այս մասին գրում է irakan.info լրատվականը և հավելում. «Այն, որ ՌԴ-ում դժգոհություններ ունեն Տ. Սարգսյանից, նույնիսկ չեն էլ թաքցնում:
Վերջերս էլ «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում դա ցույց էր տվել նաեւ ՄՄ նախկին պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը: Նա, մասնավորապես, խորհուրդ էր տվել Տ. Սարգսյանին ուշադիր կարդալ այն համաձայնագիրը, որը պատրաստվում էր ստորագրել ԵՄ-ի հետ:
Բացի դա, ՌԴ վարչապետ Մեդվեդեւը մեկ այլ ժեստ էր արել. Տ. Սարգսյանին չէր ընդունել: Թերեւս սրանով ՌԴ-ում ցանկանում էին ցույց տալ, որ դժգոհ են վերջնիցս, չնայած նրա ներկայացրած հինգ թեզիսները, ակնհայտ պաշտպանական ճառերը և այլն: Մյուս պատճառը, որը արդեն ներքաղաքական է, և Ռուսաստանի հետ կապ չունի, ներքին դժգոհություններն են թեկուզ կառավարությունում:
Խնդիրն այն է, որ նա ակնհայտ «պռախոդ» տալիս է միայն յուրայիններին, իսկ մյուսներիի համար թեկուզ ոչ ակնհայտ, սակայն խնդիրներ է հարուցում ամենատարբեր մակարդակներում ու հարթություններում: Եվ, վերջապես, նշվում էր նաև այնպիսի ակնհայտ պատճառ, ինչպիսին տնտեսական վիճակն է: Դե, բոլորի համար արդեն սովորական են դարձել վարչապետի անվան կողքին «անհեթեթ ծախսեր», «արտագաղթ», «աղքատության գրեթե 40%», «օֆշորային սկանդալ» բառերը:
Ու եթե իշխանական թեւում առկա են դժգոհություններ վարչապետի վերաբերմունքից տարատեսակ իրավիճակներում, ապա հասարակ քաղաքացին իր մաշկի վրա տարիներ շարունակ զգացել է, զգում է ու դեռ կշարունակի զգալ Տ. Սարգսյանի' մեր տնտեսության համար կործանարար ազդեցությունը»:
Հ.Գ. -ում լրատվամիջոցը գրում է, որ քանի որ վարչապետի պաշտոնանկության մասին լուրերը շրջանառվում են նրա պաշտոնավարման առաջին տարուց ի վեր, իրենք սա չէինք հրապարակի, եթե իրենց զրուցակիցը չպնդեր և միանշանակ համոզմունքով չխոսեր այս մասին: Ինչպես ասում են, կապրենք կտեսնենք: