«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների համար գործարանի վերագործարկման թեման շարունակում է մնալ ամենակարևորը։ Նրանք ամեն հինգշաբթի հավաքվում են Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելու գործարանի հարցով ստեղծված ենթահանձնաժողովին տեղից շարժվել։ Այսօր ևս նրանք հավաքվել էին ԱԺ-ի դիմաց, այնուհետև երթով շարժվեցին դեպի Էներգետիկայի և բնական պաշարների և էկոնոմիկայի նախարարություն՝ նորանշանակ նախարարների հետ հանդիպելու ակնկալիքով։

 

Էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը նաիրիտցիներից խնդրեց երկու ամիս ժամանակ։ Իսկ Էկոնոմիկայի նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը չհանդիպեց նաիրիտցիների հետ։ Նախարարության աշխատակիցը շենքի մոտ հավաքվածներին ասաց, որ մի քանի օրվա ընթացքում նախարար Մինասյանը կհանդիպի նաիրիտցիների և «Նաիրիտի» ներկա ղեկավարության հետ։

 

Նշենք, որ նաիրիտցիները գործարանի վերագործարկման հետ կապված հույս են կապում Արծվիկ Մինասյանի հետ, քանի որ վերջինս պատգամավոր եղած ժամանակ էլ ակտիվորեն աջակցում էր նաիրիտցիներին և հույս տալիս, որ իր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանի՝ «Նաիրիտը» վերագործարկելու համար։