Դաշնակցական Արծվիկ Մինասյանի պատգամավորական գործունեության մասին միշտ բարձր կարծիքի եմ եղել: Տնտեսական քաղաքականության մասով նրա քննադատությունը փաստարկված է եղել, առաջարկությունները՝ կառուցողական: Երբ ինձ անհրաժեշտ էր լինում տնտեսության իրական վիճակի մասին ճշգրիտ պատկերացում ունենալ, միշտ հետևում էի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և Մինասյանի ելույթներին: Նրանք զերծ էին պոպուլիզմից և ամբոխավարությունից: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան քաղաքական առումով աննպատակ ու չհիմնավորված եմ համարել, բայց գոհ էի, որ ՀՅԴ քվոտայով նախարար դարձավ Արծվիկը:
Նախարարի կարգավիճակով նրա առաջին ասուլիսն ինձ հիասթափեցրեց: Հիմնական պատճառն այն է, որ նախարարի խոսքում չտեսա պրոֆեսիոնալիզմ, քաղաքական պատասխանատվություն: Մինասյանն ասում է, որ այս տարի շուրջ 800 միլիոն դոլարի օտարեկրյա ներդումների սպասելիք կա: Սա այն դեպքում, երբ տարվա առաջին եռամսյակում պաշտոնական վիճակագրությամբ ընդամենը 3-4 միլիոն դոլարի ներդում է արվել: Այսինքն, էկոնոմիկայի նախարարն ասում է մի բան, որին նույնիսկ ինքը հավատալ չի կարող պրոոֆեսիոնալ տեսանկյունից:
Ինչ օտարերկրյա ներդումների մասին է խոսքը, երբ Հայաստանում կոռուպցիան չի նահանջում: Սրան գումարվել է մեկ հանգամանք ևս՝ հայ-ադրբեջանական լարվածությունը և պատերազմի վերսկսման ռիսկերը: Մինասյանը խոսում է արդյունաբերության ոլորտում երկնիշ աճի մասին. այս ցուցանիշը կասկածի տակ են դրել փորձագիտական մի շարք ուսումնասիրություններ:
Կառավարությանը գեղեցիկ թվեր ու կատարողական է պետք: Վարչապետին չի հուզում, որ այդ ցուցանիշները չեն ապահովվելու: Մանիպուլյացիաներն ու թվանկարչությունը վարպետորեն կապահովվի ԱՎԾ-ն: Տվյալ պարագայում, Արծվիկ Մինասյանը կառավարության թվեր ներկայացնողն է: Ստացվում է՝ կայացած պատգամավոր Արծվիկ Մինասյանը նոր որակ չի բերել կառավարությանը, հակառակը՝ տարալուծվել է գործության մեջ: Վստահ եմ՝ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հաստատ կպահանջեր նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականը:
Սարգիս Հակոբյան