
Աֆղանստանի «Թալիբան» շարժումը հրաժարվում է Քաբուլի հետ խաղաղ բանակցություններից: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով «Ֆրանս պրեսը»: «Մինչև օկուպացիան չվերանա, թալիբները չհեռացվեն սև ցուցակներից և կալանավորները չազատվեն, այս անօգուտ և շփոթեցնող բանակցությունները ոչ մի արդյունք չեն ունենա»,- գործակալությունը մեջբերում է աֆղան թաիլբների հայտարարությունը:
Հունվարի 11-ին Իսլամաբադում տեղի է ունեցել Պակիստանի, Աֆղանստանի, Չինաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը՝ նվիրված թալիբների հետ ավելի վաղ ընդհատված կապերի «ճանապարհային քարտեզի» նախագծի վերսկսմանը:
Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը ելույթ է ունեցել պակիստանական կողմի միջնորդությամբ Քաբուլի և «Թալիբան» շարժման միջև բանակցությունների վերսկսման առաջարկով:
Թալիբների և աֆղանական կողմի միջև ոչ պաշտոնական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել «Մարի» պակիստանական լեռնային առողջարանում անցած տարվա հուլիսի 7-ին: Սակայն դրանից հետո կապերը խզվել են, քանի որ հայտնի է դարձել, որ 2013 թ. մահացել է թալիբների առաջնորդ Մոհամմադ Օմար մոլլան:
«Թալիբան»-ը ռադիկալ իսլամիստական շարժում է, որ գործում է Աֆղանստանում և Պակիստանում: Դրա գործունեությունը համարվում է ահաբեկչական և արգելված է մի շարք երկրներում: