Գերմանիայի Բունդեսթագի բոլոր խմբակցությունները միակարծիք են, որ մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները ցեղասպանություն է, ինչը պետք է դատապարտվի: Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով մասնակցել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի քննարկումներին: «Ես հանդիպում եմ ունեցել Կանաչների կուսակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրի հետ: Նա այդ հանդիպման ընթացքում վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայոց ցեղասպանությունը 2016թ. դատապարտվի Գերմանիայի Բունդեսթագի կողմից: Դրանից հետո ես հանդիպել եմ նաև Բունդեսթագի փոխխոսնակ տիկին Բուլմանի հետ, ով նույնպես հստակ ասել է, որ 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն են, որը պետք է դատապարտվի»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ Բունդեսթագի մյուս խմբակցությունները ևս միակարծիք են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է դատապարտվի: Նա նշեց, որ Բունդեսթագում այս պահին շրջանառության մեջ է դրված Հայոց ցեղասպանության դատապարտման երեք նախագիծ, որոնք ներկայացվել են տարբեր խմբակցությունների կողմից: «Այդ խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել միացնելու իրենց նախագծերը և հասնելու նրան, որ 2016թ. Բունդեսթագը դատապարտի Հայոց ցեղասպանությունը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս հարցում մեծ է Գերմանիայում ՀՀ դեսպանատան, ՀՀ արտգործնախարարության կատարած աշխատանքը: