Սիրիայում հրադադարի հաստատումից հետո բռնության մակարդակը նվազել է 80-90 տոկոսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն ՔերրինՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ադ-Ջուբեյրի հետ հանդիպմանը:

 

 

«Ռազմական գործողությունների դադարեցումը, մեր ընկալմամբ, շարունակական գործընթաց, և մենք հույս ունենք, որ ռուսները և իրանցիները, պայմանավորվածությունների համաձայն, կշարունակեն իրականացնել իրենց պարտավորությունները' ստիպելով Ասադին պահպանել հրադադարը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

 

 

Ջոն Քերրին նաև շեշտել է, որ Բաշար ալ-Ասադը չպետք է օգտագործի այս հրադադարը իրադրությունից շահելու նպատակով, մինչդեռ մնացած կողմերը հավատարմորեն պահպանում են հրադադարը:

 

 

Սիրիայում հրադադարի ռեժիմը գործում է այս տարվա փետրվարի 27-ից: Այն չի տարածվում Սիրիայի տարածքում գործող Իսլամական պետություն և Ջաբհաթ ան-Նուսրա ահաբեկչական խմբավորումների վրա: Վերջիններս ահաբեկչական են ճանաչվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից: