Վրաստանի միգրացիոն նոր օրենքի ընդունումից հետո իշխող կուսակցության վարկանիշը նվազել է 5-6 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

 

Նա հիշեցրեց, որ Վրաստանի միգրացիոն նոր օրենքի համաձայն այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիները պետք է ստանան միգրացիոն վիզա։ «Նոր միգրացիոն օրենքի համաձայն՝ Վրաստանում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է գան Հայաստան և Վրաստանի դեսպանատնից ստանան D կարգի միգրացիոն վիզա, այնուհետև Վրաստանում դիմեն Արդարադատության տուն և ստանան կեցության իրավունք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց վրացագետը և հավելեց, որ Վրաստանում անցկացված սոցիլոգիական հարցումները ցույց են տվել, որ նշված օրենքի ընդունումից հետո իշխող կուսակցության հանդեպ հանրության վստահությունը նվազել է 5-6%-ով։

 

Նա տեղեկացրեց նաև, որ Վրաստանում երկքաղաքացիություն ունեցող տեղաբնիկ հայերից շատերը, դեռևս Սահակաշվիլիի օրոք զրկվել էին Վրաստանի քաղաքացիությունից և իրենք այժմ պետք է ստանան կեցության քարտ, որը տրվում է 6 տարով և այդ ժամկետի ավարտից հետո կարող են դիմել Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար։

 

«Իհարկե, վերը նշված փոփոխությունները, դժգոհությունների ալիք եեն բարձրացրել վրաստանաբնակ հայերի մոտ, քանի որ նոր օրենքով ՀՀ և մի շարք այլ երկրների քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել վեցամսյա ժամկետու մ առավելագույնը 90 օր»,- մանրամասնեց Ջոնի Մելիքյանը' հավելելով, որ այս օրերին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Աժ նախագահ Գալուստ Սահակյանը անպայման վրաց իշխանությունների ուշադրությունը կհրավիրի այս օրենքի կիրառումից ՀՀ քաղաքացիների մոտ առաջացած որոշակի դժվարությունների վրա։

 

Վրացագետը կարևորեց է նաև Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերաբերյալ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի հոկտեմբերի 6-ին Թբիլիսիում արած հայտարարությունը։ «Հույս կա, որ այս հայտարարությունից հետո որոշակի գործնական քայլեր կկատարվեն Վրաստանում հայկական եկեղեցիների վերականգման ուղղությամբ»,- ընդգծեց բանախոսը։

 

Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել միգրացիոն նոր օրենքը, որի համաձայն' երկրում օտարերկրացիների գտնվելու ժամկետը կես տարվա ընթացքում կրճատվել Է մինչեւ 90 օր, իսկ ավելի երկար բնակության համար օտարերկրացին պետք է հատուկ այցագիր կամ կեցության վկայական ունենա։

 

Ժամանակավոր կեցության վկայականը ներառում է բնակության թույլտվություն աշխատանքի կամ ձեռներեցությամբ զբաղվելու համար, բնակության թույլտվություն' Վրաստանում հավատարմագրված ուսումնական հաստատություններում սովորելու համար, ընտանիքի վերամիավորման, Վրաստանի նախկին քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց համար, ում կարգավիճակը պարզվել է Վրաստանում: