Զավեշտը մեր քաղաքական դաշտում արդեն գրեթե ամենուր է, առանց զավեշտի մեր քաղաքական դաշտը նույնիսկ մի տեսակ դժվար է պատկերացնելը: Օրինակ՝ երեկ իրեն ռուսական «ԿԳԲ»-ի 44 տարվա «հալածյալ» հռչակած Պարույր Հայրիկյանն իր սովորության համաձայն՝ Եվրամիության դրոշներով հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում: Բայց զավեշտը սա չէր, այլ այն, որ Հայրիկյանն ընդհանրապես Հայաստանից բացակայում է...
Այո, քաղաքականության մեջ լինում են դեպքեր, երբ քաղաքական գործիչը, լիդերը, գտնվելով այլ երկրում՝ հանրահավաք է հրավիրում ու կազմակերպում իր հայրենիքում, բայց խոսքն այնպիսի ազդեցիկ ու հեղինակավոր գործիչների մասին է, ում նույնիսկ տարածությունը չի խանգարի՝ խոշոր, ազդեցիկ ու արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար: Իսկ թե որքանով խոշոր ու ազդեցիկ ստացվեց Հայրիկյանի կազմակերպած միջոցառումը, կարող եք ուղղակի տեսնել ներկայացվող լուսանկարում: Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Այո, զավեշտն ամենուր է, ներկայացվածը, կարելի է ասել, փոքրագույն զավեշտներից էր: Նման անփառունակ վիճակում գտնվող քաղաքական ուժերով ողողված է մեր քաղաքական դաշտը, և նրանք բոլորը իրենց փրկիչ են հռչակում, բոլորը ժողովրդի անունից են խոսում՝ լավագույն դեպքում 20 հոգի իրենց շուրջը հավաքելով: Նրանք կարծում են, թե իրենք հեղինակություն ունեն. այ սա է զավեշտը, և նաև այն, որ իշխանությունն էլ իր հերթին է կարծում, թե հեղինակություն ունի ժողովրդի շրջանում: Զավեշտն անպակաս է...
Կարեն Վարդանյան