ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պատասխանել է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ կագապահական վարույթ հարուցելու փաստաբանների հարցմանը: Իսկ կարգապահական վարույթ հարուցելու պատճառը «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռն էր, որտեղ դատարանը որոշել էր, որ Մկրտումյանը խախտել է կողմերի իրավունքները:
Հանձնաժողովն իր անգործությունը պատճառաբանել է նրանով, որ մինչև օրս վճռի պաշտոնական հայերեն թարգմանությունը չի հրապարակվել:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ հանձնաժողովի կողմից ստացել են կոպիտ, ցրողական պատասխան: «Ես պատասխանը տեղին չեմ համարում, քանի որ մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի երկու պաշտոնական լեզու՝ անգլերեն և ֆրանսերեն: Եվ եթե վճիռը հրապարակվում է այս երկու լեզուներով, ապա դա արդեն համարվում է պաշտոնական, և իրավական ուժ ունի: Իսկ եթե կողմերի համար թարգմանության հարց կա, դա արդեն տեխնիկական խնդիր է, կարող են թարգմանել: Բայց հանձնաժողովը կարող է թարգմանությունն, ասենք, 4 տարի հետո անել: Մենք ունենք 3 ամիս՝ վճռի հրապարակումից հետո, և ժամկետների խնդիր կա: Թարգմանություն չունենալը պատճառ չէ որոշում չկայացնելու համար»,- նշեց Տիգրան Աթանեսյանը: Իրենց հետագա քայլերի վերաբերյալ փաստաբանն ասաց՝ գործընկերների հետ դեռ չեն քննարկել հանձնաժողովի պատասխանը, բայց հաստատ քայլեր են ձեռնարկելու:
«Այսպես չենք թողնելու: Քայլեր կձեռնարկենք: Միգուցե դիմենք Կառավարությանը, ուղարկենք պատասխանն իրենց, քանի որ իրենք են վճռի կատարողը համարվում: Միգուցե դիմենք Եվրոպական դատարան և ցույց տանք, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում իրենց վճիռներին: Դեռ հստակ ոչինչ չկա, հենց լինի՝ կասենք»,- ընդգծեց Աթանեսյանը:
Վերջինս զավեշտալի որակեց հանձնաժողովի նախագահի անունով ստորագրված և ուղարկված պատասխանը:
Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել իրավական որոշակիության և իրավահավասարության սկզբունքի, արդար դատավարության իրավունքի խախտում և անօրինական կերպով սեփականության իրավունքից զրկում: Վճռի համաձայն՝ Հայաստանի դատարանները խախտել են վերջնական եզրակացությունների սկզբունքը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահն անաչառ չի եղել: