Այն, որ մեր քաղաքական դաշտում մտքի գոհարների պակաս երբեք չի զգացվել՝ գիտեն բոլորը: Մեր քաղաքական գործիչների կրեատիվ մտածողությունը ամենաբեղմնավոր փուլն է թևակոխում հատկապես նախընտրական շրջանում, երբ կարիք է առաջանում ընտրազանգվածին զարմացնել սեփական մտքի թռիչքներով:
Այս ընտրությունները այդ աոռւմով ևս հետ չեն մնացել նախորդներից՝ ռեյտինգային թեկնածուների նախընտրական պաստառները և կարգախոսները ասվածի վառ վկայությունն են: Կարծես թե մրցակիցները անհաշտ պայքարի են բռնվել, թե ով՝ ումից ավելի «շենշող» կարգախոս և դիզայն կընտրի:
Օրերս համացանցում հայտնվեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի Շիրակի մարզի վարկանիշային թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի ցուցապաստառը: Մի կողմ թողնենք այնտեղ պատկերված թուրը, թագը և թիկնոցը և կենտրոնանք պաստառի գլխավոր մեսսիջի վրա՝ Ձեր ձայնը մեզ, իշխանությունը՝ Ձեզ:Մի կողմից իհարկե շատ տրամաբանական է հնչում, սակայն միևնույն ժամանակ հարց է առաջանում, եթե ՀՀ սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, արդյոք այդ խեղճ ժողովուրդը նման մեսսիաների և միջնորդների կարիք ունի, որոնք թրով թվանքով պետք է ժողովրդին տան այն, ինչն՝ այսպես թե այնպես իրենն է:
Հովհաննես Հովհաննիսյանը անշուշտ ժամանակ չի ունեցել խորանալու նման խոհափիլիսոփայական հարցերի մեջ: Նույնը վերաբերվում է նաև վերջինիս իր կրեատիվությամբ թերևս գերազանցած ԱԺ ՀՅԴ պատգամավորության թեկնածու Սամվել Ղալեչյանին: Վերջինս յուր անձի հանդեպ ունեցած սերը որոշել է հատուկ կերպով ընդգծել և պաստառի վրա տեղադրել է սեփական մականունը՝ ՑԱՐ. ՀՅԴ համար կարծես վերադառնում են ցարական կարգերը, հուսանք՝ ընդհատակ չեն անցի…
Նախընտրական պաստառների այս յուրօրինակ մրցամարտում բոլորին մեջքի հետևում թողեց մեր քաղաքական դաշտի ամենավառ և խարիզմատիկ դեմքերից մեկը՝ Սամվել Ալեքսանյանը: Վերջինիս պաստառը հանրությանը ավետում է՝ վատ բան անելը հեշտ է և դյուրին, եթե կարող ես լավություն արա: Ճիշտ է ասում: Միանգամից զգացվում է՝ Ալեքսանյանը գործից տեղյակ մարդ է: Դյուրինը գիտի, անցել է այդ ճանապարհը, իսկ այժմ՝ բարության սինդրոմն է պատել սույն գործչին՝ հետաքրքիր է, որ դյուրին վատությունը կարելի է անել ողջ տարվա ընթացքում, իսկ լավությունը՝ ընտրություններին նախորդող մի քանի օրերի:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ