Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոնգրեսում Հայկական հարցերով խմբի ներկայացուցիչներ դեմոկրատներ Ֆրենկ Փալոունի, Դեվիդ Սիսիլինիի, Թոնի Կարդենասի և հանրապետականներ Ռոբերտ Դոլդի ու Դեվիդ Վալադաոյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով asbarez.com-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայն ման հնարավորությունները, մասնավորապես զբոսաշրջության ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճին, ինչպես նաև հումանիտար օժանդակության տրամադրման հնարավորություններին:

 

 

«Հայաստանի հետ սերտ կապերի ամրապնդումը կարևոր է մեզ համար: Այս առումով մենք պետք է ուժեղացնենք մեր դիվանագիտությունը ԱՄՆ շարունակական աջակցության և ներգրավվածության միջոցով: Հաշվի առնելով նաև վերջին զարգացումները' ամերիկյան աջակցությունը տարածաշրջանում հատկապես կարևոր է դառնում»,- հանդիպման ավարտին ասել է կոնգրեսական Փալոունը:

 

 

Կոնգրեսական Դոլդն էլ շեշտել է, որ դեսպան Միլսի հետ հանդիպումը հնարավորություն է ընձեռել ԱՄՆ օրենսդիրներին առավել լավ ծանոթանալ այն աջակցությանը, որ ԱՄՆ տրամադրում է Հայաստանին և փորձել ուրվագծել դրա հեռանկարները: «Հուսամ, որ հետագայում էլ Կոնգրեսում Հայկական հարցերի խումբը կաշխատի դեսպանի հետ' Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում հետագա դրական քայլերի ձեռնարկման առումով»,- ընդգծել է Ռոբերտ Դոլդը: