Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքական դատարանն Ուկրաինայի նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել Լուգանսկի մոտ ռուս լրագրողների սպանության մեջ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Դատավճռի համաձայն՝ Սավչենկոն մեղավոր է ճանաչվել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրողներ Իգոր Կոռնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության, ինչպես նաև խաղաղ բնակիչների սպանության փործի և ՌԴ-ի սահմանն անօրինականորեն հատելու մեջ: Մեղադրական դատավճռի հիմքում դատարանը դրել է մեղադրանքի ապացույցները, մասնավորապես, վկաների ցուցմունքները, փորձաքննությունների արդյունքները:

 

«Ունենալով ռազմական պատրաստության հմտություններ, ինչպես նաև Իրաքում մարտական գործողություններին մասնակցության փորձ, գտնվելով արձակուրդում, անձնական նախաձեռնությամբ Ուկրաինայի հարավ-արևելքում զինված բախմանը մասնակցելու նպատակով Սավչենկոն ժամանել է Սերգեյ Մելնիչուկի հրամանատարության տակ գործող «Այդար» գումարտակ, որը գտնվում էր Լուգանսկի մարզի Սչաստյե քաղաքում»,- նշվում է դատավճռում:

 

Ռուս լրագրողների սպանության կազմակերպիչը «Այդար» գումարտակի հրամանատար Սերգեյ Մելնիչուկն է, ասված է փաստաթղթում:

 

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սավչենկոն, նա չի բողոքարկելու դատավճիռը: Սավչենկոյի նկատմամբ պատժաչափը հրապարակվելու է մարտի 22-ին: