Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի: Այս մասին Հայրապետյանն ասել է «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին տված հարցազրույցում:
«Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան»,- նշել է Հայրապետյանը: Վերջինիս համոզմամբ՝ դավաճանությունը միայն խաղը վաճառելը չէ:
«Դու գալիս ես հավաքական, տեղ ես զբաղեցնում, ասում ես պատրաստ ես, բայց չես խաղում: Լավ, եթե Յուրա Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա Մոսկվայի «Սպարտակից» նրան ինչո՞ւ հեռացրին: Բոլորդ տեսել եք, նա ֆուտբո՞լ է խաղացել վերջին 2 տարում, իհարկե ոչ: Իսկ Ռոբերտ Արզումանյանի հարցազրույցներն ու հայտարարությունները տալիս են ամեն ինչի պատասխանը: Նա այդ քայլով ինքն իրեն մատնեց: Դրա համար ես չեմ ուզում անդրադառնալ այդ մարդկանց և ցանկանում եմ հայտարարել, որ քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական»,- հայտնել է Ռուբեն Հայրապետյանը:
Նրա վստահեցմամբ' ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պարտավոր է միջամտել հավաքականի գործերին: «Եթե ես չմիջամտեմ, ո՞վ պետք է միջամտի: Այլ բան է, որ հավաքականի գործերին չպետք է միջամտեն կողմնակի մարդիկ»,- նշել է նա:
ՀՖՖ-ի ղեկավարն անդրադարձել է նաև պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի' հավաքական չհրավիրվելու մասին լուրերին' ասելով. «Գևորգ Ղազարյանին պետք է տարանջատել նշված 3-ից: Նա հավաքական չի հրավիրվել ոչ թե այն պատճառով, որ ես չեմ ուզում, այլ նոր գլխավոր մարզչի որոշմամբ»: