Լեռնային Ղարաբաղում շփման գծում փոխհրաձգությունը շարունակվում է, մարտի 28-ին գրում է Gazeta.ru-ն՝ անդրադարձ կատարելով 1992 թվականի մարտի 28-ի իրադարձություններին, երբ ադրբեջանական ուժերը Մարտակերտ քաղաքի շրջանում ղարաբաղյան հակամարտության սկսվելուց ի վեր խոշորագույն հարձակումը ծավալեցին ԼՂՀ-ի մայրաքաղաքի ուղղությամբ:
«Գրեթե 22 տարի առաջ պատերազմը պաշտոնապես կասեցվել է, բայց փոխհրաձգությունը շարունակվում է, երկուստեք զոհվում են զինվորականներ և խաղաղ բնակիչներ»,- գրում է հրատարակությունը և հավելում, որ պարբերաբար, ինչպես, օրինակ, 2014 թվականի ամռան վերջին, բանը հասնում է խոշոր տրամաչափի հրետանու ու տանկերի օգտագործմանը: Ընդ որում՝ ռազմաճակատի գիծը բացարձակապես չի փոխվում, բայց փոխվում են ամրաշինական կառուցվածքները, ի հայտ են գալիս նոր զենքեր, փոխվում են միջազգային միջնորդներն ու դիտորդները:
Gazeta.ru-ի թղթակից Ալեքսանդր Ռիբինը ԼՂՀ զինված ուժերի սպաների հետ միասին այցելել է արևելյան ուղղությամբ ռազմաճակատի տեղամասերից մեկը: Սպաները թղթակցին հայտնել են, որ իրենք ունեն ԼՂՀ պաշտպանության նախարարի խիստ հրամանը՝ առաջինը կրակ չբացել: Պատասխան կրակ են բացում միայն այն դեպքում, եթե հակառակորդը հրաձգություն է սկսում խոշոր տրամաչափի զենքերից: Թղթակցին նաև պատմել են, որ մարտի երկրորդ կեսին ադրբեջանական կողմն սկսել է օգտագործել 60 և 82-միլիմետրանոց ականանետներ: Ադրբեջանցիները կիրառել են նույնիսկ 120-միլիմետրանոց ականանե տներ և Դ-30 հաուբիցներ: Հայկական կողմը գնդակոծումների բոլոր դեպքերի մասին իրազեկում է ԵԱՀԿ-ի դիտորդներին