Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Մամուլի համար փակ անցկացված հանդիպումը տևել է 45 րոպե: Հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, արտգործնախարարության քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը, ինչպես նաև նախագահականի գլխավոր քարտուղարի տեղակալ Իբրահիմ Քալընը:

 

Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄըքԳուրքը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:

 

Հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակը չի հաղորդվում: