Զորավար Մանվել Գրիգորյանն անչափ կարևորում է սերունդների քրիստոնեական դաստիարակությունը: Պատահական չէ, որ եռասերունդ Երկրապահի և հայ առաքելական սուրբ եկեղեցու միջև ազգաշահ գործակցություն է ծավալվել: ԵԿՄ 1-րդ հոբելյանական համագումարից հետո՝ 2014-ի փետրվարի 26-ին, նորընտիր վարչությունն արժանացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ընդունելությանն ու օրհնանքին: Վեհափառը Երկրապահին օրհնած Խաչ նվիրեց, որ այսօր կազմակերպության կարևորագույն խորհրդանիշերից է: Նույն տարում վեհափառի նախաձեռնությամբ Երկրապահի օրը ճանաչվեց եկեղեցու կողմից, և հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մայիսի 8-ին սուրբ պատարագ է մատուցվում: Վեհափառի կարգադրությամբ պատանի երկրապահները ևս մայր եկեղեցու ճանաչումն ստացան:

 

2015-ից սկսած՝ մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, որը Երկրապահի ղեկավար, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ նաև պատանի երկրապահների երդման օրվա է վերածվել, պատանիների օրհնության կարգեր են անցկացվում բոլոր եկեղեցիներում: Եվ ահա, հերթական հանդիպումը՝ Սպարապետի ծննդյան և պատանի երկրապահների երդման տոնական միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուց հետո, նաև՝ Հարության տոնի առիթով, Ամենայն հայոց կաթողիկոսը դարձյալ հայրապետական օրհնություն տվեց Երկրապահ կամավորականների միությանը:

 

Միջոցառումն սկսվեց աղոթքով: Երկրապահի և հայ առաքելական սուրբ եկեղեցու կարևորությունը գնահատեցին Զորավարն ու վեհափառ հայրապետը: