Փետրվարի 18-ին ՀՀ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավը եզրափակեց իր համախոհների հետ հանդիպումով:
Բազմամարդ դահլիճում Րաֆֆիի ելույթն ուղեկցվում էր «Րաֆֆի-Րաֆֆի», «Հա-յաս-տան, Հա-յաս-տան» վանկարկումներով:
Նախագահի թեկնածուն իր ելույթում վերջին անգամ դիմեց բոլոր կուսակցապետերին, շտաբերի պետերին, նախագահ Սերժ Սարգսյանին, ոստիկանապետին, ԱԺ նախագահին և ասաց. «Եթե մի հատ էլ խախտում, սուտ, կեղծիք գտնենք և ապացուցենք, անուն առ անուն պատասխան եք տալու մեր ժողովրդի և օրենքի առջև: Այս ամենը չի ներվելու, ՀՀ քաղաքաքացին այլևս կույր ու վախկոտ չէ: Ով ձեռք բարձրացրեց հայ ժողովրդի վրա, ինքը տեղ չունի Հայաստանում: Այսօր ժպիտի պահ չէ, ժպիտը պետք է մեր սրտում լինի, մենք մտնում ենք պայքարի մեջ, թող չփորձեն մեր հաղթանակը մեզնից վերցնել»:
Հովհաննիսյանը նշեց, որ կեղծիքները, ընտրակաշառքները իշխանությանը չեն տալու իրենց ուզած արդյունքը:
«Եթե ընտրություններն իսկապես անցնեն ազատ ու արդար' ինչպես իրենց ճառերում են ասում, ուրեմն 80%-ով հայ ժողովուրդը հաղթելու է: Եթե ուզում են հեգնել, պիտակավորել, եթե դա է իրենց բառապաշարի վերջին զենքը, թող իրենք մտածեն, որովհետև հայ ժողովուրդը արդեն գիտի' մենք պետք է լինենք միասնական: Մենք պետք է լինենք հետևողական. ես պահում եմ Ձեր ձայնը, դուք պահում եք իմ ձայնը, թող պատրաստվեն մեծ հեղափոխության»,-ասաց Հովհաննիսյանը:
Թեկնածուն խոստացավ, որ փետրվարի 18-ից' իր հաղթանակից հետո ամեն երիտասարդ կունենա աշխատանք, կունենանք արդյունաբերություն, արտագաղթի վերացում և մեծ վերադարձ դեպի հայրենիք: Փետրվարի 18-ից հետո Հովհաննիսյանը խոստացավ ներկայացնել, թե ով է լինելու դատական նոր իշխանությունը, կառավարությունը և Սահմանադարությունը, որը 5 տարի քաղաքացիներին է ծառայելու:
«Սրանք հուզական խոսքեր չեն, սրանք առաջատար մասնագետների աշխատանքի արգասիքն են»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ փետրվարի 19-ին' ժամը 17.00-ին, արդեն իսկ հաղթական Հայասատանում, Ազատության հրապարակում կտոնենք մեր հաղթանակը: