Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հանդես է եկել ղարաբաղյան ճակատում վերջին օրերին ադրբեջանական բանակի ձախողված ռազմական գործողությունների հետ կապված երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությանն ուղղված քննադատական հայտարարությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով azadliq.info լրատվական կայքը, Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, և հարց տվել նրանց. «Բա ինչու՞ չկարողացաք վերցնել»:
«Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից հասարակության միասնականության, աշխարհի, հարեւանների, հատկապես' Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում եւ խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչու՞ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլևս «Պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու», -Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանն ուղղված ուղերձում նշել է Ալի Քերիմլին:
Ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր: