Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ որոշակի փուլում: Այս մասին Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը: «Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության համաձայնագրի պատրաստմանը նախորդող շրջանակային պայմանավորվածությունների եզրափակման փուլը կարող է լինել հիմնակետը»,-ասաց ռուս համանախագահը:

 

 

Լրագրողի հարցին' «Չեք կարծում արդյոք, որ այլևս անհնար է Լեռնային Ղարաբաղի որևէ կերպ ներառումը Ադրբեջանի կազմում» Պոպովը պատասխանեց. «Այդ թեման բանակցությունների առարկա է»:

 

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ապրիլի 5-ից տարածաշրջանում են: Բաքվում հանդիպումներից հետո նրանք այցելել են Ստեփանակերտ, հանդիպել Արցախի իշխանությունների հետ, ապա եկել Երևան: ՀՀ Նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ հանդիպումներից հետո նրանք այցի արդյունքներն ամփոփում են հայաստանյան լրատվամիջոցների համար: