ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական, կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարին տեղեկացրին, որ այս պահին հոսպիտալում բուժվող 38 տուժածներից (որից 2-ը' ԵԿՄ անդամ) ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը։ Նրանց վիճակում կա դրական շարժընթաց։
Նախարարի նախորդ այցի ընթացքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 տուժածի առողջական վիճակը նկատելի բարելավվել էր։ Մասնագետներն այժմ նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։ Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվել է բաժանմունքի բոլոր հիվանդների բուժման ընթացքով, զրուցել նրանց։ Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնագետների խմբին' բարձր պրոֆեսիոնալիզմի և հոգատար վերաբերմունքի համար։
Վերակենդանացման բաժանմունքի մասնագետներն էլ իրենց հերթին նշել են, որ առողջապահության համակարգի ռիանիմատոլոգներն իրենց հետ մշտական կապի մեջ են և իրենց օգնությունն են առաջարկում։ Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ փաստել է, որ առողջապահության նախարարությունը շարունակում է սերտ համագործակցությունը և անհրաժեշտության դեպքում մշտապես պատրաստ է աջակցելու։
Նախարարն այնուհետև այցելել է ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, ուր իրենց բուժումն է շարունակում 4 վիրավոր (2-ը' պայմանագրային, 2-ը' ժամկետային զինծառայող)։ Զինվորներին վնասվածքաբան Կարեն Պողոսյանը վիրահատել է Գորիսի բժշկական կենտրոնում։ Այժմ Երևանում շարունակվում է նրանց նեղ մասնագիտական բուժումը։ Ընդհանուր առմամբ, բժիշկը Գորիսում 10 վիրահատություն է կատարել։
Նախարարը հետաքրքրվել է բոլոր տուժածների վիճակով, զրուցել նրանց հետ։ Վնասվածքաբանները ներկայացրել են վիրավորների բուժման ընթացքը և արդյունքները։ Արմեն Մուրադյանը երկու տեղում էլ զրուցել է վիրավորների ծնողների և հարազատների հետ' վստահեցնելով, որ նրանց բուժումը մշտական ուշադրության ներքո է։
Նախարարին նաև զեկուցվել է, որ ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող պայմանագրային զինծառայողի և Սիսիանի ԵԿՄ անդամի առողջական վիճակում երեկվա համեմատությամբ դրական տեղաշարժ կա։ Բավարար է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող վիրավորների վիճակը։