«Star» և «Milli gazete» թերթերի հոդվածագրերն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում զինված բախումների վերսկսումից քիչ առաջ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Թուրքիա, «ջերմ հանդիպում» անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և բաց աջակցություն հայտնել Անկարային: Սա, ինչպես գրում է «Star»-ը, չէր կարող չառաջացնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ցասումը, ով ձգտում է կանխել Թուրքիայի աճող ազդեցությունը Կովկասում և նախկին Խորհրդային Միության տարածքում, և, հետևաբար, ով ճնշում է գործադրում այդ տարածաշրջանների վրա:

 

Ռուսաստանը մինչև վերջ կօգտագործի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ հանուն իր շահերի իրականացման, կարծում է Türkiye-ի սյունակագիրը՝ նշելով, որ այս կերպ Ռուսաստանը կարող է իր ձեռքերում պահել Կովկասում նախաձեռնությունը և կանխել Կենտրոնական Ասիայի երկրներ Թուրքիայի դուրս գալը: «Ռուսաստանն այդ տարածաշրջանը որպես իր ազդեցության գոտի է համարում և այն փակ է պահում այլ ուժերի միջամտության համար, իսկ որևէ արտաքին ազդեցության հանդեպ ագրեսիվ դիրքորոշում է որդեգրում», գրում է հոդվածի հեղինակը:

 

«Habertürk»-ի սյունակագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության բռնկումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մասնակցում էին Վաշինգտոնում Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին: Այդ առումով հաղորդվում է այն մասին, որ այդ գագաթնաժողովի շրջանակներում նախագահներ Ալիևը և Սարգսյանը առանձին հանդիպումներ են անցկացրել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ և քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը:

 

Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության սրումը սկսվել է դեռևս Ադրբեջան Ալիևի վերադարձից առաջ, հեղինակին դրդում է այն մտքին, որ հակամարտությունում հնարավոր է ռուսական հետքի առկայությունը. «Եթե այդ իրադարձություններում իսկապես ռուսական հետք կա, ապա դրանք կարող են մեկնաբանվել որպես ազդանշան՝ ԱՄՆ-ի հասցեին. «Հեռու մնա Կովկասից»»: Այս պարագայում, շարունակում է հեղինակը, Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդիրը, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում առկա ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև Ադրբեջանի ներսում տարբեր քաղաքական գործոնների աճող մրցակցությունը, ապագայում կարող է հանգեցնել նոր հակամարտությունների: