Սիրիայում առավոտյան ժամը 7:00-ից ավելի քան 7 հազար ընտրական տեղամաս է բացվել խորհրդարանական ընտրություններում քվեարկելու համար: Սիրիայի քաղաքացիները կկարողանան քվեարկել մինչև 19:00-ն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ժողովրդական խորհրդի ընտրություններն ընթանում են երկրի 15 նահանգներից 13-ի տարածքում: Բացառություն են կազմում Ռաքան և Իդլիբը, որոնք գտնվում են «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների զինյալների հսկողության ներքո: Այդ տարածաշրջաններից փախստականներին հնարավորություն է ընձեռված քվեարկելու իրենց ժամանակավոր բնակության վայրերի ընտրական տեղամասերում:

 

Ժողովրդական խորհուրդը բաղկացած է 250 պատգամավորներից, որոնք համընդհանուր, ուղղակի և գաղտնի քվեարկությամբ ընտրվում են չորս տարի ժամկետով:

 

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Սիրիայի ընտրական հանձնաժողովում, սկզբնապես տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից և ինքնառաջադրվածներից ստացվել էր ավելի քան 11 հազար հայտ, դրանցից ընդունվել են շուրջ 3,5 հազարը: Թեկնածուները պետք է լինեն 25-ից ոչ ցածր տարիքի և չունենան դատվածություն: Նրանք նաեւ պետք է ունենան Սիրիայի առնվազն տասը տարվա քաղաքացիություն:

Դամասկոսի և Հալեպի հայկական համայնքները ևս թեկնածուներ են առաջադրել ընտրություններում: