«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը»:
Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Ակնհայտ է եւ անհերքելի փաստ, որ 27 տարի Հայաստանի Հանրապետությունում գործել է կուսակցապետություն: Այս կուսակցապետությունը կրկնել է Կոմունիստական կուսակցության արատավոր ավանդույթը' քաղաքական դաշտի եւ պետական իշխանության բոլոր գործառույթների մենաշնորհումը:
1995 թվականին կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրությունը եւ սահմանադիր օրենքները բացառել են Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական համակարգի գործունեությունը' դատական համակարգը ենթակա դարձնելով գործադիր իշխանությանը: Արցախցիներին արգելել են օգտվել ընտրական իրավունքից եւ միլիոնավոր հայերի չեն տրամադրել երկքաղաքացիություն: Դյուրին պայմաններ են ստեղծել քրեա-օլիգարխիայի առաջացման համար:
2005 թվականին կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրությունը եւ սահմանադիր օրենքները չվերացրեցին գործադիր իշխանության ենթակայության տակ գտնվող դատական համակարգի անկախ գործունեության համար երաշխիք հանդիսացող իրավական արգելքները (դատավորների ուղղակի, որոշակի ժամկետով, պարբերական ընտրություններ' նրանց գործունեության սոցիալական երաշխիքների տրամադրմամբ): Արցախցիներին եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չվերադարձրեցին ընտրելու եւ ընտրվելու իրավունքը: Լիարժեքորեն ապահովեցին քրեա-օլիգարխիայի ինստիտուցիոնալ ներկայությունը խորհրդարանում եւ կառավարությունում:
2015 թվականին կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրությունը եւ սահմանադիր օրենքներն ապահովում են 100 տոկոսով վերահսկվող քաղաքական մենաշնորհը եւ միլիոնավոր քաղաքացիների (արցախցիներին, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիներին եւ բազմաքաղաքացիներին) դուրս են թողնում ազգային քաղաքական կյանքում քաղաքական իրավունքների իրացումից: Այս իրավական կառուցվածքը բացառում է անկախ դատական համակարգի ներդնումը, բազմակարծիք խորհրդարան ձեւավորելու եւ պետության առջեւ առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու հնարավորությունը:
2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Համահայկական Մեծ Ընդվզումը չվերածվեց Հայկական Մեծ Հեղափոխության: Քառորդդարյա ավտորիտար համակարգին իրավա-քաղաքական դատապարտման գնահատական չտրվեց:
Մրցունակ եւ արդյունավետ պետական համակարգի ներդրման վերաբերյալ իրավական հայեցակարգ չընդունվեց:
27-ամյա ավտորիտար համակարգում տեղի ունեցած վերադասավորումները եւ անվանափոխությունները չեն կարող երաշխավորել արդար, հավասար եւ թափանցիկ պայմաններում ընտրական իրավունքի իրացում:
Ավտորիտար ռեժիմի կեղծ տապալման' նմանակման (իմիտացիայի) պայմաններում, այսպես կոչված՝ «խորհրդարանական ընտրություններ» անվանվող քաղաքական պայքարն ի սկզբանե ձախողված է:
Ավտորիտար ռեժիմի կեղծ տապալման սցենար մշակողների կողմից սահմանված կանոններով «խորհրդարանական ընտրությունների» անվան տակ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի' Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ միջոցառմանը մասնակցելը, որպես քաղաքական միավոր, ոչ միայն հնարավորություն չի ընձեռելու տապալել ավտորիտարիզմը եւ ներդնել ժողովրդավարական համակարգ, այլեւ ընդհակառակը' նպաստելու է ավտորիտար ռեժիմի թարմացմանը եւ լիցքավորմանը:
Ավտորիտարիզմի կյանքի երկարաձգումն ապահովող քրեա-օլիգարխիկ համակարգի կանոնները, այն է' ՀՀ Ազգային ժողովում կայուն մեծամասնության սահմանումը, խորհրդարան անցնելու համար բազմակարծություն չապահովող բարձր տոկոսային շեմը (կուսակցությունների համար՝ 5 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոս), ռեյտինգային համակարգը, արցախցիների եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիների համար ընտրական իրավունքի իրացման բացակայությունը, բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց համար ընտրական իրավունքի իրացման արգելքը, քրեա-օլիգարխիան ներկայացնող կուսակցությունների մասնակցության ապահովումը, կեղծարարության երաշխավոր՝ ՀՀ ԿԸՀ գործունեությունը եւ ընտրարշավի անցկացման համար ստեղծած բացառիկ անհավասար պայմաններն անարդյունավետ են դարձնում քաղաքական պայքարն այս ձեւաչափով:
Հաշվի առնելով վերը թվարկվածը' «Երկիր Ծիրանի» կուսակցությունն արձանագրում է.
Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը, չնայած ստանձնած պարտավորությանը, չի լուծել արդի Հայկական պետականությունում ընտրական իրավունքի իրացման հետ կապված համակարգային խնդիրը' չի ազատականացրել քաղաքական դաշտը, հայ ազգի բոլոր հատվածների' արցախցիների, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների, բազմաքաղաքացիների համար չի ապահովել ընտրելու եւ ընտրվելու իրավունքը:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն առանց ընտրական համակարգի արմատական փոփոխության' բազմաշերտ եւ բազմակողմ հանցավոր պայմանավորվածությունների հետեւանք են:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը համոզված է.
Գործող գործադիր եւ օրենսդիր իշխանության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով նախաձեռնությունը հետապնդում է ապօրինի նպատակ, չի բխում հայ ազգի շահերից եւ օգտագործվելու է ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում առկա թարմացված ավտորիտարիզմի:
Պատերազմական գործողությունների նախաշեմին առանց ներառող Ազգային ժողովի եւ կառավարության ձեւավորման' բազմակի խոցելի է դառնում ազգային անվտանգությունը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, գիտակցելով, որ Մեծ Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական օրակարգի բանեցումն ուղղակի առնչվում է հայկական ազգային շահի հետ, ինչը պահանջում է ազգային լայն ներառող համախմբում (կոնսոլիդացիա), որի համար նվազագույն անհրաժեշտ պայման է համարում. արդի Հայկական պետականությունում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, արտաքին եւ ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու եւ պատերազմը հաղթելու հարցերում Արցախի վերամիավորման իրավական վերահաստատում (հանրաքվեի անցկացում) եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ձեւավորում (հիմնադրում) հայ ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչների կողմից, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ բազմաքաղաքացիություն, պարզ համամասնական ընտրակարգով եւ նվազագույնը 2 տոկոս անցողիկ շեմով:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նախատեսվող՝ «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում հանրությանը' պայքարել հանուն հայ ազգի բոլոր հատվածների ընտրական իրավունքի իրացման եւ հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնման՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր Հայկական պետականության իրավազորության տարածքի ներքո:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններ անվան տակ կեղծիքը եւ հայտարարում, որ շարունակելու է պայքարը' կյանքի կոչելով Հայկական Մեծ Հեղափոխությունը: