Բելառուսի 7-րդ գումարման Ազգային ժողովի ներկայացուցիչների Պալատի պատգամավորների ընտրության համար ընտրատեղամասերը բացվել են այսօր ժամը 08:00-ից եւ կշարունակեն աշխատանքը մինչեւ 20:00-ն, հաղորդում է «Բելթա»-ն:
Ընտրատեղամասերում, որոնք բացվել են զորամասերում, առողջարաններում, պրոֆիլակտորիաներում, հանգստի տներում, հիվանդանոցներում եւ առողջապահության այլ կազմակերպություններում, հանձնաժողովները կարող են հայտարարել քվեարկության ավարտի մասին մինչեւ 20:00-ն, եթե քվեարկել են ցուցակում ներառված բոլոր ընտրողները:
Ձեւավորվել է 5831 ընտրատեղամաս, այդ թվում 46-ը՝ արտասահմանում:
Արդյունքների հրապարակման համար գործում է հարաբերական մեծամասնության մաժորիտար ընտրահամակարգ: Ընտրությունները կայացած են ճանաչվում, եթե քվեարկությանը մասնակցել է ցուցակներում ներառված ընտրողների կեսից ավելին: Ընտրված է համարվում թեկնածուն, որը ստացել է ձայների մեծամասնությունը:
Ներկայիս ընտրություններին կարող է քվեարկել Բելառուսի 6 880 605 քաղաքացի: