Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ռուսաստանցիների հետ «ուղիղ գծի» ժամանակ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, ասել է, որ Ռուսաստանը, ով էլ ինչ ասի, շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ, քանի որ ՌԴ իշխանությունները ցանկանում են աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:
Անձամբ ես ՌԴ նախագահի այս խոսքին հավատում եմ: Միաժամանակ շատ լավ գիտակցում եմ, որ Հայաստանում կա Արևմուտքի շահերն արտահայտողների, նրան ծառայողների, ինչպես նաև վերջիններիս' արդեն տարիներ շարունակվող ռուսատյացության հետևողական քարոզչության ազդեցության տակ գտնվողների և Արևմուտքից խաբվածների մի մեծ բանակ:
Վերջիններիս թվում կան նաև հայրենասեր մարդիկ, որոնք, սակայն, համապատասխան տեղեկություններին չեն տիրապետում, իսկ այն, ինչ էլ գիտեն, մոռանում կամ անտեսում են: Նրանք հայտնի իրողություններից ու, հատկապես, վերջին օրերի իրադարձություններից ելնելով, տրամաբանության փոխարեն, զգացմունքներով առաջնորդվելով, իրականությունը նույնպես գլխիվայր շուռ տված են ներկայացնում' համարում ու նույնիսկ հրապարակայնորեն հայտարարում, պնդում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանին ձեռնտու չէ:
Լավ, մի պահ ընդունենք, թե իրոք այդպես է, բայց այդ դեպքում այս պնդման բոլոր հեղինակներին առաջարկում եմ պատասխանել մի քանի պարզ հարցերի' իսկ ղարաբաղյան հակամարտության լուծումը գտնվե՞լ է, որ Ռուսաստանն էլ խանգարում է դրան, չի ուզում, որ այն իրականություն դառնա: Եթե գտնվել է այդ լուծումը' և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից ընդունելի կերպով, ապա ո՞րն է այդ լուծումը, ովքե՞ր կամ ո՞ր երկրները, միջազգային կազմակերպություններն են գտել այն: Ոմանք գոնե հիմա հասկացա՞ն, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը գտնված չէ, հետևաբար Ռուսաստանը չի կարող խանգարել մի բանի, որը գոյություն չունի:
Եվս մեկ-երկու հարց' ո՞րն է այդ հակամարտության լուծումը և ի՞նչ պետք է անի Ռուսաստանը հիշյալ հակամարտության լուծման համար, որը չի անում, քանի որ այդ լուծումը, ըստ վերոնշյալ պնդման հեղինակների, Ռուսաստանին ձեռնտու չէ: Միայն թե' պատասխանից առաջ հաշվի առեք Ռուսաստանի այդ քայլի բոլոր հնարավոր հետևանքները ու նոր պատասխանեք: Առայժմ…
Արթուր Հովհաննիսյան