Դժվար է հավատալ նրան, որ ընդհատակյա մարտական բջջիջները, որոնք Ռուսաստանում են սովորել զենքի և պայթուցիկի հետ վարվելը, իրենց ժամին են սպասում Գերմանիայում: Բայց գերմանացի լրագրող Բորիս Ռայտշուսթերը մեջբերում է հատուկ ծառայությունների փաստաթղթերը:
Գերմանիայում լույս է տեսել Բորիս Ռայտշուսթերի՝ «Պուտինի գաղտնի պատերազմը» գիրքը, որը հրապարակվելուց առաջ արդեն մեծ աղմուկ է առաջացրել: Գերմանացի լրագրողը, ով երկար տարիներ աշխատել է Մոսկվայում, գրել է այն մասին, որ Գերմանիայում ստեղծվել են Կրեմլի ընդհատակյա հատուկ ստորաբաժանումները, ըստ էության՝ դիվերսիոն խմբեր: Deutsche Welle-ի սյունակագիր Եֆիմ Շումանը որոշել է պարզել մանրամասները:
- Բորիս, գերմանական ԶԼՄ-ները՝ մեջբերելով Ձեր խոսքը, խոսում են «Պուտինի գաղտնի բանակի» մասին: «Բանակ» ուղղակի՞, թե՞ փոխաբերական իմաստով:
- Ուղղակի: Սակայն, ես չեմ սիրում «բանակ» բառը: Բանակն ավելի մեծ բան է, իսկ այստեղ խոսքը, այնուամենայնիվ, ոչ թե բանակի, այլ, այսպես ասած, ստորաբաժանման մասին է: Հատուկ ծառայությունների փորձագետների գնահատականներով՝ այդ մարդկանց ընդհանուր թիվը 250-ից 300 է, այսինքն՝ շատ ավելի քիչ, քան բանակում: Բայց այդպիսի բան գոյություն ունի, այն չպետք է անտեսվի:
Այդ ստորաբաժանումները ձևավորվում են մարտարվեստի դպրոցների հիման վրա, որոնցում ուսուցանվում է, այսպես կոչված, «Համակարգը»՝ ռազմական արվեստը, որը կիրառվում է ռուսական հատուկ նշանակության ջոկատի կողմից: Նման դպրոցները վերջին տարիներին սնկերի պես աճում են Արևմուտքում:
- Այդ մարտիկները Ռուսաստանի՞, թե՞ Գերմանիայի քաղաքացիներ են:
- Ընդհանուր առմամբ, Գերմանիայի: Կամ նրանք երկու անձնագրեր ունեն՝ գերմանական և ռուսական: Հիմնականում՝ ռուսախոսներ, ովքեր Գերմանիայում չորս միլիոն են:
- Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա խոսքը 250-300 ռուս դիվերսանտների մասին է, ովքեր սպասում են իրենց ժամին: Ես Ձեզ ճի՞շտ հասկացա:
- Այո, ճիշտ է: Դա Պուտինի գյուտը չէ, ինչ-որ նորարարություն չէ, պարզապես ԿԳԲ-ի հին մեթոդների շարունակությունն է:
Ինչ վերաբերում է ներկայիս մարտական խմբերին, ապա չնայած այն բանին, որ մենք չունենք ոչ մի տեղեկություն այն մասին, որ նրանք կոնկրետ ինչ-որ բանում ներգրավված են, համաձայնեք՝ այդքան էլ հաճելի չէ մտածել, որ ինչ-որ տեղ թաղված է, կամ արդեն նույնիսկ տեղադրված է պայթուցիկ և սպասում է իր ժամին: