Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց 1915թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած ոճիրի' Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Անմար կրակի մոտ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգեւոր դասը, պաշտոնատար անձիք գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Ծիծեռնակաբերդի բարձունք էին եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը' տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, քաղաքական գործիչներ, մտավորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայրենակցական միությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ:
Երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ Ծիծեռնակաբերդի բարձունք են եկել նաև աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, «Ավրորա» մրցանակաբաշխության հավակնորդներն ու մասնակիցները, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի մասնակիցները: