Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ տարածած այն հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը սադրիչ նամակ է հղել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ ըստ էության, մերժելով 1994թ. կնքված զինադադարի եռակողմ համաձայնագիրը:
Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ իրավիճակն ադրբեջանանպաստ չէ, և Ադրբեջանը ցանկություն ունի բեկում մտցնել իրավիճակի մեջ:
«Բեկումը մտցնելու տարբեր ճանապարհներ կան՝ դիվանագիտական, քաղաքական, թե ռազմական, բոլոր տարբերակները փորձարկված են, և կարծես թե բոլոր տարբերակներով պատասխանը հասցված է՝ թե՛ մեր, թե՛ մեր բանակի, թե՛ դիվանագիտական և միջազգային կառույցների կողմից»,- ասաց Նաղդալյանը:
Նաղդալյանն ասաց, որ իրենք բազմիցս ուսումնասիրել են Մադրիդյան սկզբունքները, և դա այն չէ, որից իրենք անսահման երջանիկ են: Բայց և այնպես, ըստ Հերմինե Նաղդալյանի, «մենք գնում ենք փոխզիջման և մենք ասում ենք, որ մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների այդ ամբողջական համալիրը, որտեղ մենք ներկայանում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ»:
«Մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն և կընդունվի կարգավիճակի մասին որոշում և աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր «բուֆերնի զոնան» է և սա մեր անվտանգության երաշխիքն է»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: