Հայոց ցեղասպանության վերաբերյալ Mercury News պարբերականում հոդված է հրապարակել ամերիկացի հայտնի ցեղասպանագետ Ֆրենկ Ջի Պերեսը, ով պատմություն է դասավանդում Սան Բենիտո ավագ դպրոցում:

 

Ցեղասպանության փաստի ժխտումը բարոյապես անպատասխանատու ու վտանգավոր երևույթ է՝ հատկապես, երբ նման դիրքորոշումն արմատավորված է երկրի գիտակցության մեջ։  Ասվածը բնորոշ է Թուրքիային: 1 դարից ավելի է՝ թաղել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ու փորձում է համոզել աշխարհին, որ իր երկրի տարածքներում այդքան մարդկանց սպանություններն իրականում տեղի չեն ունեցել: Սակայն կան անվիճելի փաստեր, որոնց հիման վրա պատմաբանները փաստել են, որ տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:

 

1908թ. Օսմանյան կայսրությունում իշխանության եկան երիտթուրքերը, որոնց կարգախոսն էր՝ «Թուրքիան՝ թուրքերի համար»։ Սկսվեց ազգայնականության զարթոնքը, որը ժամանակի ընթացքում հանգեցրեց Ցեղասպանության:

 

«Առաջին աշխարհամարտի ռազմաճակատում երկրի կրած անհաջողությունների համար երիտթուրքերը մեղադրում էին հայ զինվորներին ու բարձրաստիճան զինվորականներին, որոնց ավելի ուշ միտումնավոր զրկեցին զենքերից, հեռացրին ծառայությունից՝ կամաց-կամաց ուղի հարթելով արյունալի ծրագրի իրագործման համար:

 

Այս կիրակի լրացավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Արդեն 1 դարից ավելի է, ինչ Թուրքիան փորձում է փակել պատմական չընդունված փաստից արնահոսող վերքերը։ Ի տարբերություն Գերմանիայի՝ Թուրքիան երբեք չի ընդունել իր արյունոտ անցյալը։ Այն վարում է ժխտողական քաղաքականություն, որին, ցավոք, աջակցում է նաև նախագահ Օբաման:

 

Սիրիական անապատ քշված հայ զոհերի՝ արևից գունաթափված ոսկորներն առ այսօր ցաքուցրիվ են եղած այդ անջրդի հողերում՝ մնալով որպես կորուսյալ կյանքերի ու չընդունված ճշմարտության լուռ հիշատակ, ամփոփել է ցեղասպանագետը: