Պատմական առումով Հայոց ցեղասպանության փաստը կասկած չի առաջացնում, եւ Լեհաստանը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծելով այս փաստը, Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նկատեց, որ հարցի առնչությամբ Թուրքիայում կարծես թե գոյություն ունեն քաղաքական խնդիրներ եւ այդ սարսափելի իրադարձությունների հետ կապված տարընթերցումներ, ինչի հետեւանքով Թուրքիան հարցի առնչությամբ այլ տեսակետ ունի:

 

Սակայն Թուրքիայում էլ զգացվում է փոփոխություն, եւ այդ առնչությամբ դեսպանը հիշատակում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի ապրիլի 23-ին արված հայտարարությունը: Ռաչինսկու գնահատմամբ, առաջին անգամ էր Թուրքիան նման ժեստով հանդես գալիս: «Հայկական կողմը դա չի համարում ժեստ, սակայն իրականում դա առաջին նման քայլն էր: Իմ տեսակետն այն է, որ Թուրքիան Հայաստանի համար հանդիսանում է հնարավորությունների դարպաս ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական առումով, եւ հայկական կողմն էլ զգացել է այդ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, ինչի արտահայտությունը եղավ Հայաստանի նախագահի շատ քաջ եւ նպատակասլաց քաղաքականությունը՝ նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի հետ:

 

Ցավոք, այժմ հարաբերությունների նորմալացման համար ստորագրված արձանագրությունները սառեցված են, «օդում են կախված», դժվար է ասել, սակայն փաստացի այդ ուղղությունը փոխված չէ եւ արձանագրությունները գտնվում են երկրների խորհրդարաններում: Այս պահին անհրաժեշտ է կողմերին դրսեւորել քաղաքական կամք, գուցե նաեւ այդ սարսափելի իրադարձությունների հարյուրամյակին ըն դառաջ, որպեսզի վերադառնալ երկխոսությանն ու հարցի նորմալացմանը»,- ասաց դեսպան Ռաչինսկին՝ հավելելով, որ չնայած շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցած սարսափելի իրադարձություններին, չի կարծում, որ հենց պատմական փաստի պատճառով հարաբերությունները պետք է չկարգավորվեն: Նրա գնահատմամբ, հարաբերությունների կարգավորման համար այլ ոլորտներ էլ կան եւ պետք է հարթակ գտնել երկխոսության համար:

 

«Արմենպրես»-ի դիտարկմանը, որ առաջին անգամ խոսելով Հայոց ցեղասպանության մասին, Էրդողանը պատմական իրողությունները խճճել էր եւ դրանք ներկայացրել առաջին համաշխարհային պատերազմի ֆոնին՝ միաժամանակ հրաժարվելով ցեղասպանություն տերմինի գործածումից, դեսպանը համաձայնեց՝ նշելով, որ նախընտրելի է կես քայլ առաջ, քան մեկ քայլ հետ: «Հենց այս տրամաբանության մեջ պետք է փնտրել դրական կողմ Էրդողանի հայտարարության մեջ»,- ասաց Ռաչինսկին՝ հավելելով, որ քաղաքականության ամենաբարդ խնդիրը պատմական քաղաքականությունն է:

 

Ներկայացնելով իր երկրի պատմությունը' դեսպանը հիշեցրեց, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները սպանել են լեհերի: «Բայց մենք դրա վրա չենք կենտրոնում: Մենք դա հիշում ենք, բայց այսօր Գերմանիան եւ Լեհաստանը լավ հարաբերություններ ունեն ու ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ ավելի բարձր է, քան Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ: Անհրաժեշտ է հաղթահարել պատմական ողբերգությունների հետքերն ու հիշողությունները ապագայի համար: Դա բարդ է, բայց ոչ անհնար»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ Լեհաստանը հակահիտլերյան կոալիցիայի երկրների ցանկում էր եւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրեց իր տարածքի 30 տոկոսը:

 

«Բայց դա նույնպես առիթ չէ հարաբերությունների խզման համար: Մենք ընդունում ենք այսօրվա պետական սահմանները, եւ Լեհաստանում որեւէ մեկը չի մտածում, որ դրանք կարող են փոխվել: Չպետք է գնալ առաջ գլուխը դեպի անցյալ թեքած: Պատմության մասին պետք է հիշել եւ դասեր քաղել, բայց այն չի կարող լինել միակ առաջնորդողն այսօրվա իրականության մեջ»,- ասաց Զդիսլավ Ռաչինսկին:

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին: Էրդողանը շեշտում է, թե նախորդ դարասկզբին, Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվար ժամանակաշրջան էին կայսրության միլիոնավոր բոլոր քաղաքացիների համար' լինի թուրք, քուրդ, արաբ, հայ կամ այլ ազգության»: Հայաստանում Էրդողանի հայտարարությունը միանշանակ չընկալվեց: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի գնահատմամբ' այն Հայոց ցեղասպանության ժխտման ավելի կատարելագո րծված դրսեւորում էր: